Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/489

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ հասկացնեն, թե նրանք կատարում են սրբազան պարտավորություն։ «Մշակի» մեջ մի քանի անգամ հայտնվեցավ այն միտքը, թե պետք է մեր մեջ կազմվի մի հանձնաժողով, որ հոգ տանե տաճկաստանցոց համար նվիրատվություններ հավաքել տեղային նոր բացված դպրոցներին և առհասարակ կրթության տարածմանը նպաստելու նպատակով։ Բոլորովին համակրելով հիշյալ միտքը, և կրկին դառնալով մեր վերևում հայտնած նկատողություններին, թե մեզ պետք են նախ և առաջ հիմնավոր տեղեկություններ և ճիշտ հետազոտություն մեր տաճկաստանցի եղբայրների դրության և նրանց պետքերի ու կարոտությունների մասին — կավելացնենք, որ մի այսպիսի հանձնաժողովի նպատակը խիստ սահմանափակ կլիներ, եթե նա ուշադրություն դարձներ միայն նյութական օժանդակության վրա։ Որովհետև նախ քան օգնելը պետք է հասկանալ, թե ինչ բանի մեջ նրանք ավելի կարոտություն ունեն, պետք է հասկանալ նրանց անհրաժեշտ պահանջները, մի խոսքով նրանց այն ցավերը, որ շուտափույթ դարմանելու կարոտ են։ Իսկ այդ բոլորն ուրիշ կերպ կարող չէ լինել, բացի կատարելապես ծանոթանալուց նրանց վիճակի հետ։ Բայց տեղեկությունները մեզ մոտ խիստ պակաս են։

Գուցե ոմանք կնկատեն, թե այդ մեր գործը չէ, մենք փողը կհավաքենք, կտանք նրանց ձեռքը, նրանք իրանց պետքերը շատ լավ են հասկանում, թող ինչ հիմնարկության համար ցանկանում են, գործ դնեն փողերը։ Մենք մեզ սխալած կհամարեինք, եթե հայտնեինք այն միտքը, թե պետք է նրանց ձեռնարկությունների մեջ մենք ևս միջամտություն գործենք, կամ փող տալով, մեզ նրանց գլխին հոգաբարձու կանգնեցնենք — այդ մտքերը հեռու են մեր նպատակից։ Բայց չենք կարող թաքցնել և մեր կասկածանքը, թե մեր տաճկաստանցի եղբայրների գործող մասն այնպես հիմնավոր կերպով ուսումնասիրած լիներ ժողովրդի պետքերը, որպես հարկն է։ Միայն ուսումնարան, միայն գիր-կարդալ, միայն այբբենով չէ կարելի մի ընկած ժողովուրդ վերականգնել, դրա համար պետք են ուրիշ զանազան հնարներ, որոնք կրթության հետ պետք է զուգընթացաբար առաջ գնային։ Այլևս չենք խոսում այն բանի վրա, որ մեր տաճկաստանցի գործիչները, երեխայական ոգևորությամբ, միշտ սովոր են եղել մանր և մինչև անգամ չնչին գործերի համար մեծ աղմուկ բարձրացնել...

Մեր կարծիքով, պետք է սկսել մի հիմնավոր գործ, և փոխանակ ցրվելու, մասնավորացնելու ուժերը, հավաքել, կենտրոնացնել