Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/499

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
**
*

Պատմության վրա խոսք գալով, ես չեմ կարող չհիշել, որ վերջին ժամանակներում մեր պարբերական հրատարակությունների մեջ կրկին սկսեցին հունցել միանգամայն մոռացված երկրպառակության խմորը, կրկին բարձրացրին կրոնի և ազգության խնդիրը։ Խոստանալով առաջիկա տարվա սկզբներում նվիրել այդ հարցին մի քանի պատմական հոդվածներ, այժմ բավականանում եմ միայն մասնավոր նկատողություններով։

Տաճկաստանի հայոց մամուլը երկար տարիներ զբաղվեցավ հիշյալ հարցով, և բացի թշնամություն սերմանելուց, բացի ազգային ամբողջության պատռվածքի ճեղքերը ավելի լայնացնելուց, ոչ մի օգտավետ հետևանքի չհասավ։ Եվ այսօր, երբ ավելի կարևոր խնդիրների մասին խորհելիք ունենք, երբ Տաճկաստանի հայերի վերածնելության հարցը գրավում է մեր ամենի ուշադրությունը, մեր մեջ գտնվում են մարդիկ, որ սկսում են կրկին քըջըջել մարած մոխիրը, սկսում են կրկին բորբոքել դադարած վիճաբանությունների կրակը, հայտնելով այն հնացած, և լուսավոր ազգերի համար իր նշանակությունը կորցրած միտքը, թե կրոնը, այսինքն` եկեղեցին պետք է ճանաչել ազգության հիմք, և ով որ դուրս է գալիս այդ եկեղեցուց, նա կտրվում է ազգի ամբողջության հետ անդամակցությունից և այլն։ Արդարև, մի հին և բոլորովին մաշված գաղափար, որ դարերի ընթացքում, Վատիկանի դարբնոցի մեջ, պապերի հզոր կռանի տակ ծեծվեցավ, կոփվեցավ և դարձյալ չկարողացավ եկեղեցու մեջ ի մի ձուլել ազգությունները։

Իսկ այժմ մի քանի ողորմելի գրիչներ աշխատում են նույնը իրագործել, ինչ որ Հռոմի ահեղ բազուկը չկարողացավ կատարել։

Մենք պատմություն ունենք, — ասում են մեզ, — մեր պատմությունը սովորեցնում է, որ լուսավորչական եկեղեցին պետք է լինի հայի պատսպարանը և ազգության հիմքը, այդ եկեղեցուց դուրս հայը չէ կարող հայ համարվել, նա կորած է։ Եվ այդ հիման վրա, կաթոլիկ և բողոքական հայերը հայ չեն, նրանք, ո՛վ գիտե, թե ինչ են... Եվ այդ տիրացուական քարոզները մեզ կարդում են այն պարոնները, որոնք Չաքճյանի և Բերբերյանի դասագրքերից մի քանի գլուխներ սերտելով, երևակայում են, թե պատմություն գիտեն։ Մենք այսպիսիներին խորհուրդ կտայինք մի փոքր ուսումնասիրել