Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/514

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀԱՍՈԻՆՅԱՆԸ ԵՎ ՅՈԻՐ ԿՈԻՍԱԿՑՈԻԹՅՈԻՆԸ (ԷՋ 81)

1860-ական թվականների երկրորդ կեսին Հռոմի պապի գործակալ և նրա կամակատար Անտոն Հասունյանի ազգադավ գործունեության հետևանքով պոլսահայ իրականության մեջ ծայր է առնում հասունյան և հակահասունյան կուսակցությունների պայքարը։

Պոլսում և գավառներում հասունյան կուսակցության դեմ ծավալվում է անհաշտ պայքար, որին, ինչպես հայտնի է, մասնակցում է նաև հայ առաջավոր մտավորականությունը` ի դեմս Ծերենցի և ուրիշների։

Այդ պայքարը առանձնապես սուր բնույթ է կրում 1874 թվականին, պատճառ դառնալով մի շարք անախորժությունների։ Առերևույթ կրոնական թվացող այս խնդրի տակ թաքնված էր քաղաքական նպատակադրում, որ Հասունյանի միջոցով ցանկանում էին իրականացնել նրա արևմտյան հովանավորները։ Հասունյանի և նրա կուսակցության դեմ տարվող պայքարին մասնակցում են նաև Րաֆֆին և Արծրունին։ Րաֆֆին «Հասունյանը և յուր կուսակցությունը» հոդվածով հետապնդում է մի նպատակ` ցույց տալ այդ կուսակցության գործունեության կորստաբեր հետևանքները և պարզել, որ հայ ժողովուրդը ոչ մի սպասելիք չի կարող ունենալ Արևմտյան տերություններից։

Հոդվածը հրապարակված է Մելիքզադե ստորագրությամբ։

Արտատպված է «Մշակից», 1874 թ., N 42, էջ 1։

ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ (ԷՋ 84)

«Հեղինակների վիճակը» հոդվածի դրության շարժառիթը մասամբ անձնական է, բայց խորանալով իրերի դրության մեջ և քննության ենթարկելով հեղինակների ընդհանուր վիճակն ու հրատարակչական գործի դրվածքը, այդ հարցը Րաֆֆու գրչի տակ ստանում է հասարակական նշանակություն։ Հայտնի է, որ առաջին և երկրորդ գրքերից հետո Րաֆֆին նյութական հնարավորություն չունեցավ շարունակելու «Փունջի» մնացած հատորների տպագրությունը։ Ղ. Աղայանի վկայությամբ Րաֆֆու «Փունջերը» մնում են տպարանում փակված «տպագրության վարձը չվճարելու համար և վերջը կշեռքով ծախվում են մանրուք փաթաթելու համար» (տե՛ս Ղ. Աղայան, «Երկեր», հատ. Դ., Երևան, 1950 թ., էջ 463):

Համեմատության մեջ դնելով գրողի, կոշկակարի և հյուսնի տնտեսական վիճակը, Րաֆֆին այն միտքն է հայտնում, որ գրողը ավելի վատթար կացության մեջ է գտնվում, քան վերջիններս։ «Գրքերի հեղինակը յուր գլուխն անգամ պահել չի կարողանում»,- ասում է Րաֆֆին։ Ելնելով հեղինակի անկայուն ու անմխիթար դրությունից, հոդվածագիր Մելիքզադեն առաջարկում է հիմնել «Տպագրական ընկերություն», որով, ըստ նրա, միջոց կտրվի հեղինակներին աշխատելու և մյուս կողմից կբավարարվեն դպրոցականների ու ընթերցասերների գրքի հանդեպ ունեցած պահանջները։

Հոդվածը հրապարակված է Մելիքզադե ստորադրությամբ։

Արտատպված է «Մշակից», 1874 թ., № 48, էջ 1։