Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«ՔԱՆԴՎԱԾ ՕՋԱԽ»

1

Ապրիլի 19-ին սիրողների խումբը առաջին անգամ ներկայացրին ձմեռային թատրոնում պ. Սունդուկյանցի «Քանդված օջախ» անունով նոր կատակերգությունը։ Որպես սիրողների վերա, ես ավելորդ եմ համարում խոսել, թե նրանցից ամեն մինը որպես կատարեց յուր դերը, միայն չէ կարելի մի քանի խոսք չասել տաղանդավոր հեղինակի այդ նոր պիեսայի բեմական արհեստի և նորա կրթողական նշանակության մասին։

«Քանդված օջախը» որպես մեր այժմյան հասարակական կյանքի մի պարզ հայելի, ցոլացնում է յուր մեջ մի տխուր երևույթ, որ պատկերացնում է նորա թե՛ տնտեսական, թե՛ բարոյական և թե մտավորական ընդհանուր բանկռոտությունը— նորա անկումը։

Մի կողմից, առևտրական գործը,— հայի ապրուստի գլխավոր աղբյուրը, կայանալով խաբեբա, փտած և անհաստատ հիմքերի վերա,— չէ տալիս բավականացուցիչ արդյունք փոքր ի շատե յուր գործը խղճմտանքով վարող վաճառականին։ Մյուս կողմից, ընդհանրացած շռայլությունը, ընտանեկան անկարգ տնտեսությունը, մոլությունները դեպի նորաձևությունը` անխնայաբար խլում են, սպառում են գերդաստանի աշխատավորի դառը քրտինքի արդյունքը, և նա, թեև այդ բոլորը հասկանում է, թեև աշխատում է ընդդիմադրել նորանց, բայց կամա ակամա ենթարկված լինելով