Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անձինքների նամակներն, ուղղած Պոլսի պատրիարքին, որոնք նույնպես երևան են հանում Պողոսի այլ մեղադրանքներն, որոնք մենք ավելորդ ենք համարում հիշել:

Ազգ. Վարչությունն, ուշադրություն դարձնելով ժողովրդի բողոքներին, Պողոս վարդապետին բերել է տալիս Կ. Պոլիս քննության համար, նորա տեղը նշանակելով Իգնատիոս եպիսկոպոսին: Իսկ Պողոսը Պոլսից փախչում է, կրկին վերադառնում է Վան, և յուր հին բարեկամները գլխին հավաքելով, հարձակվում է առաջնորդարանի վերա և արյունահեղությանը պատճառներ է տալիս: Այնուհետև նա սկսում է յուր հին դերը խաղալ: Անապատի վանքի հարստությունքը վատնում է զանազան անբարոյականների հետ, մինչև անգամ նույն վանքի վարագույրների հետքում Դերվիշ բեկին հետ չենկի (պար եկող պատանի է) խաղցնում: Եվ Կտուց Անապատի միաբան Ռափայել վ. Պողոսից չարաչար ծեծվելով, ոսկորները փշրվում է և մեռնում: Այնուհետև նա սկսում է վրեժխնդիր լինել այն անձանց, որք նորա մասին Պոլսում բողոքել էին։ Դոցանից մինն էր Տ. Օհաննեսյան Կարապետը: Պողոս վ. գիշերով յուր երևելի քուրդ դերվիշին մի քանի ծառաների հետ ուղարկում է Տ. Օհաննեսյանի տունը. անկողնից քարշում են և ձեռքն, ոտքը կապած բերում են Պողոսի մոտ։ Հայր սուրբն յուր զոհին պառկեցնում է, գլուխը նազար անուն ծառային բռնել տալով, և ոտները ուրիշներին, յուր հաջի ռաճապով[1] այնքան ծեծում է, մինչև երիտասարդի բերնեն արյուն է հոսում և շատ չէ տևում, որ մեռնում է։

Այնուհետև տետրակի մեջ նկարագրվում է Պողոսի մինչև հիսունի չափ սարսափելի բարբարոսություններն, որք արտահայտում են նորա գազանային, ցած և անբարոյական բնավորությունը: Մենք լռում ենք նոցա մասին, որովհետև չենք ուզում զզվեցնել ընթերցողին։

Նորից բողոքները թափվում են դեպի Պոլսի Ազգ. Վարչությունը։ Քաղաքական ժողովը գործը գցում է Կրոնական ժողովին, վերջին այդ խնդիրն յուր վրա չէ առնում։ Խրիմյանը ստիպված է լինում ինքնին գործի վճիռը տալ. Բարձ. Դռան հրամանով և

  1. «Հաջի ռաճապ» Պողոսի ահագին մարդածեծ փայտի անունն է, որո վերա թուրքերեն գրել էր տված` «դա հաջի ռաճապն է, մոլորվածներին կդարձնե դեպի ուղիղ ճանապարհը»