Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և ավելորդ գումարն ընծայել դպրոցին, նորա տոկոսով մի աշակերտ արտասահմանում ուսանելու համար։

Այժմ լսում ենք, որ քանի օր առաջ մեծապատիվ Օնանովի հոգատարությամբ կազմվել է մի ժողով բժշկապետ Շահպարունյանցի տանը, ուր հավաքված են եղել Ներսեսյան դպրոցի հին աշակերտներից ոմանք, ստորագրել են մի նշանավոր գումար, որո տոկոսով մի աշակերտ պետք է ուսում առնե արտասահմանում հանուն հանգուցյալ Ալամդարյանի, որը նոցա վարժապետն է եղել։ Արդարև, երախտագիտության մի գովելի արտահայտություն է այդ դեպի այն մարդու հիշատակը, որ նոցա մտավոր և բարոյական դաստիարակիչն է եղել։

Բայց հանդիսականներից մինը պարոն Ն. Տ. Շ., հայտնելով գրատպության այժմյան մեծ կարևորությունը, և նկարագրելով հեղինակների աննախանձելի դրությունը, նույն ժողովի մեջ արել է ուրիշ առաջարկություն, թե հավաքված գումարը փոխանակ գործ դնելու մի աշակերտ ուսում առնելու համար, ավելի օգտավետ կլիներ նույն գումարով կազմել մի դրամագլուխ, որո տոկոսով տպագրվեին զանազան գրքեր, և այդպիսով միջոց տրվեր հեղինակներին թե՛ ապրելու, և թե՛ եռանդով աշխատելու։

Որպես լսում ենք, պարոն Ն. Տ. Շ.-ի առաջարկությունն ընդունվել է ժողովի ընդհանուր համակրությամբ և նոքա վճռել են` բացի հանգուցյալ Ալամդարյանի անունով հավաքված նվիրատվությունները, կազմել մի տպագրական ընկերություն, ստորագրությամբ հավաքելով մի առանձին դրամագլուխ գրատպության գործին նպաստելու համար։

Հուսով ենք, որ մեծապատիվ Օնանովն ի թիվս յուր այլ բարեգործությանց կատարումն կտա և տպագրական ընկերության հաստատությանը, որը մեր կենսական ամենամեծ պահանջներից մեկն է, և այդպիսով կդյուրացնե գրքերի տարածվիլը մեր հասարակության մեջ։

Հիշյալ գումարի գործադրության կամ նորա ընկերության պայմանների մասին խոսելն ավելորդ է այժմ, միայն այսքանը պետք է ասել, որ դրամագլուխը պետք է հասնի այն քանակության, որ գոնյա տարեկան 1000 ռուբլի տոկոս բերե։ Այն ժամանակ կարող էին տպագրվել ամեն մի տարի երեք գրքեր, մոտավորապես 300 երեսից բաղկացած, և յուրաքանչյուր գրքից 1200 օրինակ։