Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թագուհին 5000 լիրա։ Այդ նմանում է այն հայրերի ծնողական զգացմունքին, որոնք անգութ կերպով իրենց որդիներին ճնշում են, մաշում են քանի նրանք առողջ են, իսկ երբ հիվանդացան, սկսում են սիրել, երբ մեռան, մի քանի կաթիլ արտասուքով միայն մխիթարում են իրանց...

Փոխանակ ժողովրդի հարկերը թեթևացնելու, փոխանակ նրա տնտեսական դրությունը բարվոքելու, փոխանակ միջոց տալու երկրագործության ծաղկելուն, կառավարությունը յուր պարտքերի բացը ծածկելու համար մինչ այն աստիճան հարստահարում է նրանց, որ ժողովուրդը շատ չէ ցանում, որովհետև արդյունքը չէ կարողանում լրացնել այն հարկերը, որ պետք է վճարե կառավարությանը։ Այստեղից հասկանալի է, թե ինչու սովը հաճախ կրկնվում է նույն երկրներում։

Նորոգ պատրիարքության ժամանակ վճռված ազգային խնդիրների կարգում անցավ և եկեղեցականների ընտրության հարցը։ Կրոնական ժողովի նոր կանոնադրության համաձայն, հոգևորականներ լինելու արժանավորություն ունենալու համար, պետք է լինել համեստ, բարոյական, կրթված սուրբ գրոց մեջ և ունենալ մի քիչ էլ ուսում,— այդ վերջինը ամենաերկրորդական տեղն է բռնում... Պատվական «Մասիսը» մինչև անգամ այդ ևս ավելորդ էր համարում, նա 1874 ամի յուր 1856 թերթի մեջ հայտնում է այն միտքը, թե ի՞նչ պետք է եկեղեցականների դրությունը բարվոքելու համար նոր կանոնադրություն, երբ մեր մայր Մաշտոցի մեջ ամեն բան գրված է... (՞) թե ամեն մի նոր վերանորոգություն եկեղեցականների վերաբերությամբ համարվելու է զեղծում հայաստանյայց եկեղեցվո դեմ և այլն։

Խավարասերնե՜ր, միշտ դեպի հինը, միշտ դեպի ետ, բայց ոչ երբեք մի քայլ առաջ...

Ազգային, փոքր ի շատե հասարակական նշանակություն ունեցող հարցերի կարգում կարելի է դասել և Կ. Պոլսի հայ գաղթականների խնդիրը, որոնք գավառներից թափվում են դեպի մայրաքաղաքը և տարիներով մնում են այնտեղ։ Ազգ. ժողովը վճռեց ազդարարություն տալ ծխատեր քահանաներին և եկեղեցիների երեսփոխաններին, որ նրանք խրատեն և համոզեն պանդուխտներին չորս տարուց ավելի չմնալ Կ. Պոլսում, այլ դառնալ իրանց հայրենիքը։ Մի՜շտ պալիատիվ միջոցներ և ոչ արմատական...

Փոխանակ քննելու այն պատճառները, որոնք ստիպեցնում են պանդուխտներին թողնել հայրենիքը, իրանց տունը, տեղը և