Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գյուղը, ուր ժողովրդական ավանդությամբ արեգակի շողը անցավ Հայկի նետից ծակված Բելի զրահապատ կողքից: Նույն ձորի մեջն է և Հայկ անունով գյուղը:

* *
*


Շատ հետաքրքրական են ավանդությունները օձերի և վիշապների մասին:

Պատմությունից մեզ հայտնի է, որ Երվանդյան Տիգրանի ժամանակ օձը և վիշապը հայկական դրոշակի նշանն էին, գուցե ի հիշատակ այն հաղթության, որ Տիգրանը գործեց «վիշապազանց» դեմ: Մինչև այսօր Տարոնի նահանգի արևելա-հարավային կողմում մնում են Օձ քաղաքի ավերակների հետքերը, ուր այժմ նույն անունով փոքրիկ գյուղ կա: Տարոնի պատմիչ Հովհանն եպիսկոպոսը վիշապ անունով քաղաք է հիշում նույն նահանգում Աշտիշատա մոտ:

Առհասարակ օձերի, մանավանդ վիշապների վերա նայում է հայը որպես գերբնական զորությունների վերա: Հեղինակն ասում է, թե մինչև այսօր Տարոնի և Վասպուրականի մեջ մի տեսակ օձեր համարվում են երկրի պաշտպաններ, և նրանց չարչարելը կամ սպանելը մեղք է համարվում: Այլև մասնավոր տներում իբր թե բնակվում են օձեր, որոնք նույն գերդաստանի պաշտպանն են, որոնց գոյության հետ կապակից է այն ընտանիքի բախտը, հաջողությունը, կամ անհաջողությունը: Հեղինակը հիշում է և մի առասպել, թե որպես մի տան պաշտպան օձը սպանվելով, ընտանիքը անբախտության է ենթարկվում:

Մինչև այսօր սովորություն կա, որ երեխաների գդակի վերա կարում են օձի կամ վիշապի ձև ունեցող արծաթյա բժժանքներ. իհարկե, այդ զարդարանքի համար չէ, այլ ունի մի դյութական նշանակություն[1]: Որպես Հայաստանի շատ տեղերում երեխաների գդակի վերա կարում են արծաթյա մահիկներ[2], այսինքն` կիսալուսնի ձև ունեցող մի զարդ. նույնը հուլունքներով շարած, հարսները կապում են իրանց պարանոցին: Որպես երևում է, դրանք հին հեթանոսական սրբություններ են, որոնք ունեին նույն նշանակությունը,

  1. Թիֆլիսի կինտոները ևս կրում են իրանց բթամատի վերա գալարված օձի ձև ունեցող մատնիք։
  2. Մահիկ պարսկերեն մահ բառիցն է, որ նշանակում է լուսին։