Ասա՛` հայոց ձեր նահապետ Զարմայրը
Չէ առաջնորդ քառսուն հազար բանակի.
Քաջ հայերը ցիրցան եղան դաշտի մեջ,
Ոչ ոք տեսավ յուր իշխանի մեռնելը։
Բայց երբ տեսնես դու նորահարս սևորած,
Որ գրկի մեջ մեկ հատ տղա ունենա,
Որ աչքերեն թափում լինի արտասուք,
Ու դաշտի մեջ պտռում լինի գերեզման.
Ու իմ անունս հիշում լինի անդադար,
Ու երեխին ասում լինի մշտապես,
Թե դու որբ ես ու հայր չունիս աշխարհի,
Այսուհետև քեզ չի ճանչընար Հայաստան.
Այսուհետև դու մի՛ տեսնիր Արմավիր,
Այսուհետև մի՛ հիշիր դու այն օրը,
Որ քեզ իշխան ազգի կոչեց Հայաստան,-
Իմացի՛ր, որ նա իմ կինն է խղճալի։
Մենակ նըրան մի՛ պատմիր դու իմ մահը,
Նա չէ կարող լսել այդ սև համբավը,
Թող չկաթե նորա աչքեն արտասուք,
Թող թաց չանե նա արտասվոք սև հողը։
Նըրան ասա՛, իմ սիրական սիպտակ ձի,
Թե քո մարդը օտար երկիր հեռավոր,
Ա՛յլ գեղեցիկ աղջըկան հետ պըսակվեց,
Քեզ մոռացավ, ո չ հիշեց քո անունը։
Ասա՛ նըրան, իմ սիրական սիպտակ ձի,
Թե քո մարդը Իդա սարի տակումը,
Նըշանածին առավ գիրկը պառկեցավ,
Աչքը խըփեց, քաղցր քնով քնեցավ։
Ասա՛ նըրան, իմ սիրական սիպտակ ձի,
Թե քո մարդը փեսայի պես պառկեցավ,
Հարսանիքն էր Իդա լերին հովտաց մեջ,
Հարսնարանը դիակներով զարդարած.
Առագաստն էր երկնից կապույտ կամարը,
Ճրագները՝ հրեղեն փայլակ և կայծակ,
Անկողինն էր սառն ու խավար գեջ հողը,
Նվագարան՝ ամպոց ահեղ գոռալը։
Մատանին էր լայնաբերան գեղարդը,
Հարսնացուն էր անհաղթելին Աքիլլես,