Jump to content

Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ու երբ որ թուխ ձեռք էր այն բարձրացնում,
Ցոլուն աչքեր էր տակից երևում.
Ու թամբադեղին կրծքով դեմ ընկած,
Արաբը դրդում էր ձին մոլեգնած։

Ձին տիք կանգնում էր հետնոտքի վրան,
Ոստնում էր նետահար հովազի նըման.
Ճերմակ թիկնոցի ծալքերը ուսին
Շքեղ ծածանում էին փարիսին.
Ու որոտաձայն աղաղակներով
Զենքը խաղցնում էր ուժգին, չափ տալով։

Այսպես աղմըկով հասավ քարավանն,
Ծառերի ներքև հարվեցավ վըրան,
Դատարկ անոթներ լըցվեցան ջըրով։
Եվ արմավենիք թավ գագաթներով`
Նորեկ հյուրերին բարև են տալիս,
Աղբյուրն էլ նոցա իր ջուրն է տալիս։

Հազիվ թե մութը իջել էր գետին,
Կացինը դիպավ նոցա արմատին.
Եկավորք ծառերը վայր կործանեցին,
Ըստահակ տըղերք կաշին քերթեցին,
Փայտը մանրեցավ սուր֊սուր դանակով,
Խարույկ դիԶեցավ, այրեցավ կրակով։

Երբ որ արևմուտք մեգը մեկնեցավ,
Քարավանը իսկույն տեղեն շարԺեցավ.
Նորա հետևից չոր գետնի վըրան,
Գորշ թեթև մոխիր եկավ երևան.
Մնացորդն արևի շողք ցամքեցուցին,
Հովերն էլ ասդին֊անդին ցըրվեցին։

Ու խոպանացավ վայրըն այն զվարթ,
էլ չեն շրշնջում աղբյուր ու սաղարթ,
Խեղճ ակին ոչ ոք չի պատըսպարում,
Ավազն էլ նորան է միշտ տոչորում.
Գիշատիչ անգղը այնտեղ է գալի`
Ծըվատել֊լափել որսն իր նողկալի։