… Բայց հանկարծ նա ուրախ բացականչեց.
— Ահա… ա՛յ որտեղ է։
— Ո՞վ։
— Հացը… մի բոքոն… միայն թրջված է, վերցրու…
Բոքոնն ընկավ ոտքերիս մոտ, իսկ քիչ հետո հայտնվեց և ինքը՝ հարգելի ընկերուհիս։ Ես իսկույն մաս-մաս արի հացը և սկսեցի ագահ-ագահ ուտել…
— Դե ինձ էլ տուր տեսնենք… Եվ պետք է այստեղից հեռանալ… ո՞ւր գնանք…
Նա ուշադրությամբ նայեց չորս կողմը։
— Այ, ինչ-որ նավակ է երևում, գնանք նրա տակը նստենք։
— Գնանք։
Եվ մենք ուղևորվեցինք դեպի նավակը։ Երկուսս էլ ագահությամբ լափում էինք մեր ավարը։ Գետը մռնչում էր, անձրևը հետզհետե մեծանում… Մի ինչ-որ տեղից երկար ու սուր շվվոց էր լսվում, կարծես մեկը, ինչ-որ հզոր ու ոչ ոքից չվախեցող մի էակ, սուլում ու ծաղրում էր մեր աշխարհի կարգերը, այդ անպիտան աշնանային երեկոն և մեզ՝ այդ երեկոյի երկու հերոսներիս… Սիրտս կծկվում ու նվում էր այդ շվվոցից։ Այնուամենայնիվ, ես մեծ ախորժակով ուտում էի հացը։ Բարեկամուհիս ետ չէր մնում ինձանից, և մենք այդպես մոտենում էինք նավակին։
— Անունդ ի՞նչ է,— չգիտեմ ինչու հարցրի ես։
— Նատաշա,– պատասխանեց նա անտարբեր եղանակով։
Ես նայեցի նրան և սաստիկ ցավ զգացի սրտիս մեջ։ Հետո հայացքս ուղղեցի դեպի իմ առաջ ընկած մթությունը, և ինձ թվաց, որ բախտիս միշտ հեգնոտ ու այլանդակ դեմքը խորհրդավոր կերպով նայում է ինձ ու ժպտում…
… Անձրևը շարունակում էր ծեծել նավակի կողերը, և նրա մեղմ շփշփոցը տխուր մտածմունքներ էր առաջացնում իմ մեջ։ Քամին շվվոցով ներս էր խուժում հատակի մի ճեղքից, որտեղ մի փոքրիկ տաշեղ, քամու շնորհիվ, շարունակ ինչ-որ անհանգիստ ու ողբալի ձայներ էր հանում։ Գետի ալիքները ճողփում էին ափերը և նույնպես ողբալի ու հուսակտուր ձայներ էին հանում։ Նրանք կարծես մի ինչ-որ բան էին պատմում, որ վաղուց ձանձրացրել, զզվեցրել է նրանց, մի սրտամաշուկ բան, որից նրանք կուզենային փախչել, բայց որի մասին դեռ անհրաժեշտ էր երկար խոսել, պատմել… Անձրևի շփշփոցը միանում էր ալիքների աղմուկի հետ, և նավակի շուրջը, գորշ մթության մեջ, մի երկար հառաչ էր լսվում․ դա՝ բնության անմիտ կատակներից զզված, ամառվա