— Կորավ Սեյրանը, փչացավ, էլ ի՞նչ օրվա համար է ապրում, որ Սուսանը նրան չի սիրում։
— Սուսանը Սեյրանին չի՞ սիրում։ Մտիկ տուր, Սեյրան, Սուսանի երեսին, մտիկ տուր ու հետո ասա։ Տե՛ս, Սուսանը ի՛նչ օրն է ընկել ու մտածիր, ում պատճառով։
— Դու քո հոր նամուսը ինձանից շատ ես սիրում։ Ես այդպես չէի իմանում, ես կարծում էի, որ քո աչքում այս աշխարհում Սեյրանից թանկ բան չկա, բայց, ինչպես տեսնում եմ, խաբված եմ եղել։
— Ես քեզ ամենը ասացի, Սեյրան, դու ինձ չես հավատում: Վնաս չունի, իմ մահը քեզ մի օր կհավատացնի։
— Ինչո՛ւ ես մեռնում, ապրի՛ր, փառք աստուծո, ի՞նչ կա, լսել եմ, որ քեզ համար նոր նշանած են ճարել և շուտով պիտի պսակեն,— ասաց Սեյրանը դառն հեգնությամբ։
— Ճշմարիտ է, բայց ոչ թե մենք ենք ճարել, ինքն է ճարվել։ Ես չեմ էլ ճանաչում նա ով է, ի՛նչ մարդ է, բայց ես գլուխս քաշ արած պիտի նրան գնամ, պիտի ծնողներիս կամքին հնազանդվեմ։
— Պիտի գնամ, պիտի հնազանդվեմ,— կարողացավ միայն կրկնել Սեյրանը։
— Հա՛, Սեյրան, ես պիտի անպատճառ պսակվեմ։ Դու գիտե՞ս, որ մեր անզգուշությունը սաղ քաղաքում խայտառակել է իմ անունը։
— Դրանով ի՞նչ ես ուզում ասել։
— Այն որ ես մեկի վրա պիտի պսակվեմ, ծնողներիս և իմ անունից լվանամ այն կեղտը, որ իզուր տեղից կպցրել են ինձ չար լեզուները։
— Եվ ուրիշի՞ վրա պիտի պսակվե՞ս։
— Եթե քեզ վրա պսակվեմ, մարդիկ կասեն «կոտրված ամանը կոտրողին տվին, որ ինքը կոծկի»։ Հասկանո՞ւմ ես, թե չէ։ Ես կպսակվեմ ուրիշի վրա և երբ կհաստատվի, թե ես «կոտրած աման» չեմ, այնուհետև կանցնեն մի քանի ամիսներ, ամենաշատը մի տարի, դու ինձ կգտնես հողի տակ։
— Սիրտս, սիրտս հենց վկայում էր, որ դու ինձ չես