Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տղա, ասա տեսնեմ, դա ի՞նչ օյիններ են, որ դու մեր գլխին բերում ես, հը՞մ։


Սեյրանը լուռ էր։


— Չես խոսո՞ւմ, լեզու չունե՞ս, լալացել ե՞ս, հըմ, լալացի ր> այ «սանի դողանըն բոյնի սնսուն, բելա բոյնի սնսուն, Սեյրան օղլան»։


— Սնսո'ւն, սնսուն, հա, սնսո՛ւն,—~ երեք անգամ կրկնեց Մարիամ բաջին վշտացած ձայնով։


Վերմակը շարժվեց և Սեյրանը գլուխը դուրս հանեց։ Նա քիչ բարձրացավ և ձախ կողմով հենվելով անկողնին, մի քանի վայրկյան նայեց հոր երեսին և կրկին ծածկվեց ու ընկավ։


— Ի՞նչ ես ուզում, բալաս.— հարցրեց Մարիամ բաջին։


— Հըմ, ուզում էիր, որ մի բան հաչե՞ս, հաչի՛ր, անառակ։


— Եթե ես լավ որդի չեմ, դու էլ ինձ համար մի օրինավոր հայր չես,— փնթփնթաց Սեյրանը, գլուխն ավելի խոր թաղելով վերմակի տակ։


Հայրապետը լսեց այս խոսքերը։


— Լսեցի՞ր, այ կնիկ, տե'ս, տե՛ս, բեգզադը ջուրիաթ էլ ունի…


Նա չկարողացավ խոսքն ավարտել, չուխան ուսերից մի կողմ ձգեց, չիբուխն աջ ձեռում սեղմեց և ատամները կրճըտելով, սկսեց բոլոր ուժով ոտները գետնին խփել։


— Հայրապե'տ, Հայրապե՛տ, խելքդ գլխիդ հավաքիր,— մեջ մտավ Մարիամ բաջին։


— Կտրի՛ր ձայնդ, դու, հըմ, Հարամզադա, համարձակվում ես հորդ կլխին չաքո՞ւճ բանեցնել։ Դո՛ւրս, դո՛ւրս ասում եմ, հենց էս սհաթիս դուրս, օձի զավակ։


Հայրապետը հարձակվեց Սեյրանի անկողնի վրա, վերմակը խլեց և մի կողմ շպրտեց։


Մարիամ բաջին ընկավ ամուսնու ոտների առաջ։


— Աման դըր, աման, ա՛յ մարդ, տունս մի քանդիլ, խեղճ եմ…