Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Շորերս, շորերս, ես չեմ ուզում էլ այսուհետև ձեր որդին լինել, դուրս եմ գալի հենց այս րոպեիս։

Այս ասելով, Սեյրանն արագությամբ ոտի կանգնեց անկողնի վրա։

Բաց թողնելով ամուսնու ոտները, Մարիամ բաջին այս անգամ չոքեց որդու աոաջ, մազերը փետտելով։

— Սեյրա՛ն, Սեյրա՛ն, խնայի՛ր ոտքի վրա չորացած մորդ բամբակ մագերը, խնայի՛ր,— գոչեր խեղճ կինը աչքերից աղի արտասուք թափելով և մազերը տարածելով որդու ոտների աոաջ։

Հայրապետը մնաց անշարժ։ Նրա ալեխառն գլուխը և ձեռները բարկությունից դողում էին։ Կարծես մոր աղերսանքն ազդեցին Սեյրանի վրա։ Թշվառ պատանին, տեսնելով նրան այդ դրության մեջ, նույնպես մնաց անշարժ։ Նրա ձեռները թուլացան և քարշ ընկան կողքերին, իսկ գլուխը թեքվեց կրծքին։

— Բա՛ց թող, բաց թող, գնա, տեսնեմ, ո՞րտեղ է գնալու, ի՞նչ կարող է անել առանց ծնողների,— խոսեց Հայրապետը, այս անգամ մի քիչ մեղմացած։

— Չէ, չեմ թողնիլ, միսը եղունգից բաժանե՞լ, հայրը որդուց ջոկե՞լ։ Չէ՛, չէ՛, առաջ վիզս կտրեցեք, հետո ջոկվեցեք։

— Մատաղ լինես, Սեյրան տղա, քո ծերացած մորդ, թե չէ աստծուն է հայտնի, որ մեծ թիքադ ականջդ կմնար ձեռումս։

— Թող մնա, այսուհետև Սեյրանի համար ողջ մին է ինչ էլ որ լինի։ Ես էլ մորս եմ խնայում, բայց իմացի՛ր, nր էլ օրես դեն ես այստեղ մնալ չեմ կարող։ Կթողնեմ այս տունը հենց այն րոպեին, երբ ոտներս կարող կլինեն տեղից շարժվիլ։

Այս ասելով, Սեյրանն այլևս չկարողացավ ոտքի վրա կանգնել։ Բոլորովին ուժաթափվեց և ընկավ անկողնի վրա։

— Տանջի՛ր աստված, տանջի՛ր, պապակիր ինձ, ինչքան ուզում ես,— բացականչեց Մարիամ բաջին, վերմակը քաշելով Սեյրանի վրա։

Այդ վայրկյանին դրսից լսվեցին ոտների ձայներ։ Մարիամ