Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/276

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իսկությունը այն էր, որ ինքը, Ոսկանը, շատ անախորժ տպավորություն էր գործում խնամիների վրա։ Նրա մրոտ ձեռները և կեղտոտ դեմքը դուր չէին գալիս մանավանդ փեսացվի մորը և եղբոր կնոջը։ Առանց այն էլ այդ կանայք հոգով-սրտով հակառակ էին հացթուխի աղջկան ուզելուն և միայն փեսացվի կամքին էին հպատակվում։ Իսկ այժմ մրոտ ու կեղտոտ պայտագործն արդեն սկսել է գլուխ ցավեցներ։

Մի օր նրանց կողմից «չոլախ» Սահարնազն եկավ հացթուխի մոտ և խոսակցության միջոցին ակնարկեց պայտագործի հաճախ այցելությունների մասին։ Սոնան ներկա էր և լսում էր։ Միջնորդ կնոջ արտասանած յուրաքանչյուր բառը նա ընդունում էր իբր կծու և ամոթալի նախատինք իր հասցեին։ Հոր փոխարե նա ինքն էր տանջվում ամոթից, որովհետև իրան էր համարում այդ նախատինքի պատճառը։ Եթե խնամիները չեն ներում իրանց հարսնացվի հոր հարբեցողությունը, ինչպես կներեն, եթե իմանան, որ հարսնացուն ընկնավոր է։ Մի վայրկյան Սոնայի մեջ միտք ծագեց պարզապես հայտնել ամեն ինչ Սահարնազին։ Թող գնա պատմի նրա ապագա սկեսրին, որ ցավագար է, աստտծուց պատժված։ Թող միանգամից բանը պարզվի, «նշանը» ետ վերցնեն, Սոնան խայտառակվի։ Նա պատրաստ էր մինչև անգամ բերանը բանալ և այս բոլորն ասել Սահարնազին, երբ մոր աղերսական հայացքն ընկավ նրա աչքին։ Արդյոք, գուշակե՞ց հացթուխը, ինչ է կատարվում իր աղջկա սրտում, թե՞ դա միայն աննպատակ հայացք էր, բայց Սոնայի լեզուն կաշկանդվեց։

Նույն միջոցին պառավ Զառնիշանն ու Գյուլնազն աշխատում էին Մուրադին համոզել, որ քանի ուշ չէ, ձեռք քաշի իր հարսնացվից։

— Մայրը հացթուխ, հայրը հարբեցող, աղքատ, տկլոր, կեղտոտ, ի՞նչ ես կպել այդ աղջկանը,— ասում էր «չորաթան» Զառնիշանը։

— Լավ պտուղ չի լինիլ այնպիսի ծնողների զավակը,— կրկնում էր Գյուլնազը։

— Լավ է, թե վատ, կաղ է, կույր, թե թևը կտրած, իմ