Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/299

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սոնան պառկած էր երեսը դեպի պատը։ Նա զգաց, որ մայրը ներս մտավ, չոքեց իր մոտ, բայց երեսը չդարձրեց նրա կողմը։ Նա վախենում էր հանդիպել ամուսնու աչքերին, որովհետև հազիվ ուշքի էր եկել երբ Գյուլնազը ուղղակի և անխնա նրա երեսին ասաց, թե նա ընկնավոր է և հենց այս րոպեին ուշաթափվեց։

— Աղջիկդ ընկնավո՞ր է,- կրկին անգամ արտասանեց Մուրադը։

— Երկինքը կրակ դառնար, թափվեր նրա մոր գլխին,— գոչեց հացթուխը։

Այլևս Մուրադը ոչինչ չասաց և շարունակեց իր հայացքը հառել հատակի մի կետին։ Այս լռությունը հացթուխի համար ավելի անտանելի էր, քան եթե նախատեին, հայհոյեին, թուք ու մուր ածեին նրա երեսին։ Նա բախտավոր կհամարեր իրան, եթե այդ բարեսիրտ մարդը, որ այնքան սիրում էր Սոնային, վերկենար հանկարծ և դաշույնի մի հարվածով վերջ տար նրա կյանքին։ Բայց Մուրադը լուռ և անշարժ էր։

— Մի քիչ ջուր,— շշնջաց Սոնան, կարծես, վախենալով, որ մի գուցե ամուսինը լսի։ Հացթուխը նայեց այս ու այն կողմ։ Հարկավոր էր ջուրը մյուս սենյակից բերել։ Այնտեղ թշվառ կնոջը սպասում էր եռանձնյա դաշնակցության դատաստանը։ Խորին ատելությամբ և զզվանքով լի երեք զույգ աչքեր միաժամանակ բևեռվեցին նրա վրա, երբ ներս մտավ։ Նա զգաց իր սրտում այդ սուր ասեղների ծակոցները։ Հասկացավ, որ այդ դատավորներն իրանից բացատրություն են պահանջելու, որ պետք է, վերջապես, դեմ առ դեմ կանգնել նրանց առջև։ Ահա ինչու, երբ Սոնային ջուր տվեց և ջրաշիշը տարավ մյուս սենյակ կրկին իր տեղը դնելու, կանգ առավ այնտեղ։ Առաջինը խոսեց պառավ Զառնիշանը, որի հողագույն դեմքը թույն էր արտահայտում։

— Բախտավոր աղջկա բախտավոր ծնողին շատ, շատ բարով։ Մոտեցիր, փեշերդ պաչենք, գլխիդ վարդաջուր ածենք, ոտներիդ հինա դնենք, ա՛յ մեր աչքի լույս խնամի։ Աղջիկդ անգին մարգարիտ է, շահընշահի մատին դնելու,