— Ոչինչ, ոչինչ... Երբ երրորդ անգամ Մուրադը իր հարցին ուղղակի պատասխան չստացավ, մտավ սենյակ և ստիպեց Սոնային շալը գլխից վերցնել։ Նրա կոկորդի վրա երևացին քանի մի արյունոտ կարմիր-կապտագույն գծեր։
— Ո՞վ է քեզ սովորեցրել կուրծք պատռել,— գոչեց Մուրադը զայրացած։
Հոգեկան կսկիծն էր ստիպել թշվառ ընկնավորին ճանկռտել իր մարմինը։ Եթե Մուրադը ավելի խոր նայեր, կտեսներ, որ Սոնայի ամբողջ կուրծքը շերտավորված է արյունոտ գծերով։ Այսպես էր պատժում ինքն իրան նորահարսը։
— Եթե մեկ էլ անես, երեսս չես տեսնիլ այս տանը,— ասաց Մուրադը վճռական եղանակով։ Սոնան հեզ և երախտագիտական հայացքով նայում էր նրա երեսին։ Նա Մուրադի աչքերի մեջ նկատում էր վշտակցության հետ նաև նախկին սիրո ցոլքը։ Նրա ընկճված սիրտը կրկին բաբախեց փոխադարձ զգացման բուռն հոսանքից։
— Երանի ոտներիդ փոշուն արժանի լինեի,— շշնջաց նա ինքն իրան։ Նույն վայրկյանին ուրախության մի թույլ ժպիտ անցավ նրա դեմքով։ Նա տեսավ գիժ- Դանելին, այն մարդուն, որի տեսությունը միշտ մի առանձին ուրախություն էր պատճառում նրան։ Խենթը բակ էր մտնում այս անգամ առանց երգելու, լուռ, կամացուկ քայլերով, գլուխը կրծքին թեքած։
Նույն տեսակ մի ուրախ ժպիտ սահեց և Մուրադի դեմքով։ Ամբողջ ընտանիքի մեջ, Սոնայից հետո, նա էր մենակ, որ ոչ միայն դեմ չէր խենթի այցելություններին և չէր ամաչում նրա ազգակցությունից, այլև միշտ ինքն էր խնդրում նրան ամեն օր այցելել։
Խենթը կանգնեց բակի մեջտեղում, ձեռները հենեց գավազանի ծայրին, մտիկ արավ Սոնային, հետո Մուրադին և, գլուխը երերելով, մռայլ ձայնով արտասանեց.
— Կրծքիս խփեցի, ձայն բարձրացրի, ասացի. «Ֆարհագ, կա՞ աշխարհում բախտավոր մարդ»։ Երկինքը որոտաց, երկիրը գոռաց, Ֆարհադը պատասխանեց. «Մա՜րդ,