Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/321

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանեց քրսինի տակից և հրամայեց Սոնային բաց թողնել քրսինի մի կողմը, որպեսզի ածուխի վտանգավոր հոտը դուրս գա։

Պարսկուհին անթարթ աչքերով նայում էր Սոնայի երեսին։ Նայում էր և՛ Գյուլնազը իր ապակյա անշարժ աչքերով։ Այն վայրկյանին, երբ Սոնան, իր սկեսրի հրամանը կատարած, ձեռը հենեց հատակին ոտքի կանգնելու, նկատեց այդ երկու զույգ չարաշուք աչքերի սուր հայացքները։ Նա հիշեց այն երեկոն, երբ առաջին անգամ տեսավ Գյուլնազի ապակյա աչքերը և սարսափեց։ Այժմ այդ սարսափը նրան թվաց նախախնամության կողմից տրված նախազգուշության նշան ապագայի մասին… Նույն վայրկյանին նա հիշեց իր մորը, հորը, որոնց վաղուց չէր տեսել։ Դեռ առավոտից մի առանձին փափագ էր զգում տեսնել իր մորն և վճռել էր, եթե Դանելը գա, խնդրի նրան մի կերպ հացթուխին գտնի - բերի-իր աղջկա հետ տեսնվելու։ Ամբողջ օրը նրա աչքերի առջև էր այն աղքատիկ խրճիթը, ուր անց էր կացրել իր մանկության տարիները,- այն կավյա խաղատիկինները, որոնց հետ ուրախացել էր և վշտացել։ Այժմ, այն վայրկյանին, երբ պարսկուհու և Գյուլնազի չարագուշակ հայացքները բևեռված էին նրա վրա, հիշեց և Մուրադին, որ ծխախոտը ձեռին, աչքերն անորոշ տարածության մեջ հառած, անցնում էր նրա առջևով, գունատ, մտամոլոր, դժբախտ։ Նրա հետևից անցնում էր գիժ-Դանելը, գավազանը կրծքին բռնած, գլուխը վեր բարձրացրած, երգելով իր մելամաղձիկ և վշտահնչյուն երգերից մինը։ Ախ, որքան պարզ և կենդանի էին այգ բոլոր պատկերները։ Նա զգում էր նրանց մերձավորությունը, լսում էր նրանց շնչառությունն անգամ… Բայց բոլորը հեռու էին նրանից։ Մի ինչ-որ աներևույթ ձեռ ձգեց մի սև վարագույր նրա աչքերին…

Եվ ամեն ինչ մթնեց Սոնայի համար… Պարսկուհու և Գյուլնազի հայացքները շարունակ հառած էին նորահարսի վրա։ Իսկ պառավ Զառնիշանը նայում էր նրան։ Գյուլնազը սփրթնած էր։ Կախարդուհու սեղմված, հողագույն և բարակ շրթունքները ցնցվում էին, բայց ոչ