Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/322

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ցրտից, ինչպես առաջ, այլ գուցե աներևույթ դևերի սարսափից։

Այն վայրկյանին, երբ Սոնան ընկավ հատակի վրա, Գյուլնազը բնազդմամբ ոտքի թռավ, կախարդուհին նույնպես։ Երկուսն էլ նայեցին Զառնիշանին։

— Ազատեցե՛ք որդուս,— շշնջաց պառավը մի տեսակ ինքնամոռացության մեջ, ձեռներով աչքերը ծածկելով։

Այդ շշնջման և այդ շարժման մեջ կար սոսկալի բան։

Առաջինը Գյուլնազը բռնեց Սոնայի ցնցվող բազկից, բայց իսկույն ետ քաշվեց։ Նրա ձեռները կաշկանդվեցին։ Կախարդուհին իր ջղոտ, պղնձագույն ձեռներով բռնեց ընկնավորի թևերից և քաշեց նրան դեպի քրսինը։ Գյուլնազը փակեց դռները և լուսամուտները։ Զառնիշանը շարունակ ծածկում էր աչքերը ձեռներով։ Չար վհուկը նստել էր քրսինի վերմակի վրա, աշխատելով, որ չբարձրանա և դրսից օդ չմտնի քրսինի տակ։

Լսվում էին խուլ խրխռոցներ, ապա մի երկարատև ճչոց և հետո ծանր, սարսռեցուցիչ հառաչանքներ, որ, կարծես, երկրի ստորոտիցն էին գալիս։ Ընդամենը այդ տևեց հազիվ մի քանի րոպե։

Այնուհետև ամեն ինչ լռեց…

Դռները դղրդացին և սենյակի մեջտեղում արձանացավ մի ոտաբոբիկ և գլխաբաց ծերունի, որի կապտագույն շապիկը հազիվ հազ ծածկում էր նրա մարմինը։ Նրա կարմրած աչքերը պտտում էին շրջանակների մեջ, աջ ու ձախ փնտրելով մեկին, իսկ գլխի գզգզված մազերը ցցվել էին վեր, ինչպես ամեհի առյուծի բաշը։

Գյուլնազը կանգնեց պարսկուհու առջև, որպեսզի անտեսանելի կացուցանի նրան խենթի աչքերից։ Պարսկուհին բարձրացրեց քրսինի վերմակն ու կապերտը և, բռնելով ընկնավորի ոտներից, դուրս քաշեց նրան։

— Տվե՛ք ինձ, տվե՛ք ինձ,— աղաղակեց գիժ-Դանելը և, ուժգնաբար հրելով պարսկուհուն և Գյուլնազին, հարձակվեց Սոնայի վրա։

Ընկնավորը անշնչացած էր։ Ոչ ցնցվում էր, ոչ խրխռում և ոչ նրա բերանում փրփուր կար։ Միայն նրա դեմքը