Այդ օրվանից սկսած Ռոստամյանն այլևս չէր վարանում ստեպ-ստեպ այցելել ծերունուն և նրա աղջկան, և միշտ այն ժամանակ, երբ գիտեր, որ Մինաս Կիրիլլիչը տանն է։
Վերջինը հետզհետե ավելի ու ավելի բարեկամանում էր նրա հետ։ Թեև շատ բաներում նրանք չէին համաձայնվում միմյանց մտքերին և շատ անգամ Ռոստամյանը տաք-տաք հակառակում էր ծերունուն, բայց Մինաս Կիրիլլիչին դուր էին գալիս երիտասարդի առողջ, համարձակ և երբեմն մոլեռանդ դատողություններն այն մասնավոր, հասարակական և մերթ ընդ մերթ ազգային խնդիրների վերաբերմամբ, որ միշտ հետաքրքրում էին անգործ ծերունուն բացասականի կողմից։
Նրանց խոսակցությանն ու վիճաբանությանը մասնակցում էր և՛ Վարվառեն յուր մեղմ ձայնով, խոսելու համեստ եղանակով և պարզ, ժամանակակից կեղծությունից զերծ ձևերով։ Հաճախ ծերունին լռում էր, վիճաբանության ասպարեզը թողնելով յուր աղջկան և Ռոստամյանին։ Հարկավ, նրա ներկայությամբ երկու երիտասարդ անձանց խոսակցությունը երկար չէր կարող տևել այն առարկաների վրա, որ մատչելի չէին ծերունու ուղեղին և զգացմանց։ Բայց, այսուամենայնիվ, երբեմն նրանք, կարծես, մոռանալով Մինաս Կիրիլլիչի ներկայությունը, շոշափում էին միմյանց սրտին մոտիկ խնդիրներ։ Այսպես, մի երեկո Ռոստամյանը սեղանի վրա տեսավ Գյոթեի «Վերթեր» անունով գրքույկը, որ Թիֆլիսի գրադարանների մեկից վերցրել էր ծերունին աղջկա խնդրանոք։ Ռոստամյանը հարցրեց Վարվառեին, թե կարդացե՞լ է այդ գրքույկը, արդյոք։ Վարվառեն նույն օրը միայն ավարտել էր գրքույկի ընթերցանությունը և, երևում էր, տակավին նրա տպավորության ներքո էր։ Նա նախ շփոթվեց, ապա մութ կերպով սկսեց խոսել վեպի բովանդակության մասին։ Խոսակցությունը չէր կարող շարունակվել այն բարդ գաղափարի մասին, որ արծարծում էր բանաստեղծը, ըստ որում Մինաս Կիրիլլիչը ներկա էր, թեև, հարկավ, տեղյակ չէր գրքի բովանդակությանը։
Ահա հենց այդ երեկո էր, երբ Ռոստամյանի յուր սենյակը վերադառնալուց մի քանի րոպե անցած, ներս մտավ