Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/365

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պետրեն և ասաց, թե Նատալիա Պետրովնան խնդրում է շնորհ բերել յուր մոտ։

Այրին, մի համրիչ ձեռին, թախտի ծայրին նստած, խորին մտածության մեջ էր։ Նա լուռ ընդունեց յուր երիտասարդ կենողին և, տխուր հառաչելով, հրավիրեց նստել։

— Խոմ վռազ գործ չունի՞ք,— հարցրեց նա։

— Ոչ,— պատասխանեց Ռոստամյանը, զարմանալով այրիի անսովոր մտախոհության վրա։

— Որտե՞ղ էիք,— հարցրեց այրին։

Ռոստամյանն ասաց, թե որտեղ էր։

— Նոր բան չիմացա՞ք։

Այս հարցն առաջարկելիս այրին աչքի տակով խորհրդավոր նայեց Ռոստամյանի երեսին։ Վերջինը զգաց, որ այրին ինքն անշուշտ մի նշանավոր նորություն ունի հաղորդելու։ Համրիչի հատիկներն յուր փափուկ մատների մեջ չըխկչըխկացելով, Նատալիա Պետրովնան քանի մի վայրկյան լռեց։ Հետո նա, յուր առողջ իրանը ուղղելով, հառաչեց, մազերն ուղղեց և ասաց.

— Աշխարհս, Ստեփան Գրիգորիչ, վատացել է. խե՞ղճ մարդ, խե՛ղճ կնիկ…

— Ի՞նչ է պատահել, Նատալիա Պետրովնա,— հարցրեց Ռոստամյանն, այս անգամ համբերությունը հատած։

— Այն է պատահել, որդի, որ մեր Վարվառա Մինաևնան — աղջիկ չէ։

Ռոստամյանը, տակավին չհասկանալով այրիի ասածը, զարմացմամբ լի աչքերը հառեց նրա երեսին։

— Հապա՛, — շարունակեց այրին, գլուխը շարժելով,— Վարվառեն մարդ ունի, պսակված է և մարդուց բաժանված։

Ռոստամյանը գունաթափվեց։ Այրին, ոտը ոտի վրա դնելով, շարունակեց։

— Բայց ես ու դուք կարծում էինք, որ նա անմեղ աղջիկ է։ Միտնե՞րդ է, Ստեփան Գրիգորիչ թե ինչքան ես խնդրում էի ձեզ, որ նշանվեք նրա հետ։ Հետո տեսա, որ դուք չեք ուզում, ասացի, թող իմ Գաբոյի համար պահեմ։

Է՛հ, ի՛նչ մեղքս թաքցնեմ, ես սուտ ասել չեմ կարողանում. եթե դուք խնդրեիք ու աղաչեիք էլ, ես չէի թողնիլ, որ