Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/375

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առաջ չեմ ծերացել։ Ես ապրել եմ ինքնագլուխ, կրթվել եմ ինքնագլուխ, փող եմ աշխատել իմ արյուն ու քրտինքով, էլի աղքատացել եմ, էլի հարստացել եմ, անուն եմ ձեռք բերել. է՜հ, ինչ ասեմ, հազար տեսակ նեղություններ եմ քաշել, բայց այսքան չեմ տանջվել։ Հինգ երեխա, հինգ միմյանցից գեղեցիկ երեխաներ և քսանույոթ տարեկան երիտասարդ կնիկ եմ թաղել և, ճշմարիտ է, տանջվել եմ, բայց այսքա՜ն ո՛չ. ո՞ւմ պատճառով եմ այժմ այս օրին հասել։- Քո պատճառով։ Դու անբախտ ես, ես էլ եմ անբախտ։ Այժմ, Վարիա, ինքդ քեզ չես խնայում, ինչ անեմ, մի՛ խնայիր, բայց գոնե ինձ խղճացիր։ Ա՜խ, Վարիա, Վարիա, դու սիրտ չունիս, թե չէ կթողնեի՞ր, որ ես այսքան աղաչեմ քեզ։

Արտասանելով վերջին խոսքերը, Մինաս Կիրիլլիչը սկսեց հուզված անցուդարձ անել սենյակի մեջ։ Հետո նա դարձյալ կանգնեց Վարվառեի առջև և, մեջքից փոքր ինչ թեքվելով, շարունակեց ավելի ցածր ձայնով.

— Միթե ես չե՞մ իմանում, որ մեղավորը նա է, որ նա կեղտոտ է, անպիտան է, փչացած է։ Բայց, ի՞նչ պիտի արած, լավ է, վատ է, քոնն է, դո՛ւ պետք է թաքցնես քո ցավերը։ Թողություն է խնդրում, աղաչում է, երդվում է, որ այսուհետև գլուխը քո կոշիկներից վեր չի բարձրացնիլ։ Վարիա, հոգիս, մարդասպանի հանցանքը ներում են, մի թե Միզանդրոնցովը մարդասպանից էլ ստոր է. դու չե՞ս հավատում, ահա կարդա և կհավատաս։

Մինաս Կիրիլլիչը բաց արավ սյուրտուկի վերին կոճակը, ծոցից հանեց մեկ պատռած ծրար, դուրս բերեց մի նամակ և դրեց Վարվառեի առջև։

— Կարդա՛, կարդա՛, սիրելի Վարիա։ Այս առաջին նամակը չէ, ոչ Էլ վերջինը կլինի։ Այժմ ինքը Մոսկվայումն է։

Վարվառեն չկարդաց նամակը. չվերցրեց սեղանի վրայից և անգամ չնայեց նրա վրա։ Աջ ձեռի արմունկը հենած սեղանի ծայրին, ծնոտը դրած ափի մեջ, նա մտիկ էր անումլուսամատից դեպի գավիթ։ Մինաս Կիրիլլիչն ակնածությամբ նայում էր նրա թախծալի կիսադեմքին, սպասելով, թե նա ե՛րբ ուշադրության կդարձնի նամակի վրա։ Սակայն Վարվառեն անշարժ էր և լուռ։