— Ես չար լեզուների բամբասանքից եմ վախենում,— շարունակեց Սինաս Կիրիլլիչը, դարձյալ ցածրացնելով ձայնը։— Կարծում էի, որ Թիֆլիսում մեզ խաղաղ կթողնեն։ Բայց ի՜նչ... այստեղ էլ լսել են, այստեղ էլ խոսում են։ Երեկ իմ ծանոթներից մեկին հանդիպեցի, մարդը հարցնում է, թե ի՛նչ եմ անում քեզ հետ այստեղ, ես չկարողացա մի բան պատասխանել։ Բայց երևում էր, որ նա առանց իմ ասելու էլ, լսել է ամեն բան։ Հավատացիր, սիրելի Վարիա, ես քեզանից տասնապատիկ ավելի եմ տանջվում։ Ինչո՜ւ։— Որովհետև… է՛հ, թողնենք։ Աստուծո կամքն էր, անցյալը վերադարձնել չի կարելի։ Հիմա մնում է, որ վերջապես, թշնամիների, բարեկամների, ազգականների և ծանոթների բերանը կապես, պետք է հաշտվես, Վարիա, պետք է հաշտվես և այսուհետև նրա կապը քո ձեռքում պահես…
— Կապը ձեռքումս պահե՜մ,— պատասխանեց Վարվառեն, դառնությամբ ժպտալով։
— Այո, կարող ես, ես երաշխավորում եմ, որ կարող ես։
— Ախ, պա՛պա, պա՛պա։
— Ի՞նչ, միթե ինձ չե՞ս հավատում, Վարիա։
— Ես շատ հավատալուց հոգնեցի, պապա, և ինձ համար շատ ցավալի է, որ դուք եք այժմ հավատում նրա խոսքերին։ Ի՜նչ հարկավոր է, որ ես նրա նամակը կարդամ, առանց այն էլ, ես գիտեմ թե ինչ է գրում։ Բայց, ինքնե՛րդ ասացեք, պապա, քանի՞երորդ անգամն է, որ նա այդպես զղջում է և քանի՞ անգամ եմ ես ներել նրան։ Եվ ինչ, պահե՞ց նա յուր երդումները մինչև այժմ։
— Մի անգամ էլ ներիր, Վարիա, մի անգամ, ինձ համար, հասկանո՜ւմ ես, ինձ համար։
Վարվառեն, որ մինչև այժմ դեռ նայում էր դեպի դուրս, երեսը դարձրեց հոր կողմը։
— Ներե՞մ, պապա, ներե՜մ, ի՞նչը ներեմ…— գոչեց նա վրդովված։— Մի՞թե նա կարող է ազատվել մի հիվանդությունից, որ նրա մարմնի և արյունի մեջ արմատացած է մշտնջենապես։ Դուք նրան չեք ճանաչում, պապա, և ես ցավում եմ, որ դարձյալ խաբվում եք նրա խոսքերից։ Ես նրա սանձը կկարողանա՞մ պահել. ե՞ս… Ո՛չ, պապա, այդ իմ