Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/377

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարողությունից բարձր է։ Ի՞նչ օգուտ, եթե կարողանայի էլ մինչև անգամ նրան հպատակեցնել իմ կամքին. ի՞նչ օգուտ, քանի որ իմ կյանքը դարձյալ ինձ համար տանջանք պիտի չինի։ Միթե նա երեխա՞ է, իսկ ես — մայր, որ գիշեր-ցերեկ արթուն հսկեմ նրա վրա, ամեն օր, ամեն ժամ աչքս նրանից չհեռացնեմ, որ նա մի ծուռ քայլ չանի։ Եվ ո՞ւմ համար պիտի այդպես տանջվեմ։ Միզանդրոնցովի համա՞ր, որին ատում եմ, որից զզվում եմ, որին տեսնելն անգամ ինձ համար սարսափելի տանջանք է։ Ո՛չ, մի ստիպեք ինձ, պապա, ես նրան լավ ճանաչեցի։ Ես ուզում էի, որ նա յուր կամքով ապրեր, աներ այն, ինչ որ յուր սիրտն ու խելքն էր ուզում։ Ուզում էի, որ նա ինքը կառավարեր յուր զգացմունքները, զսպեր յուր թուլությունները։ Չեղավ. նա արավ այն, ինչ որ կարող էր։ Ուրեմն, թող ես էլ անեմ այն, ինչ որ կարող եմ։

— Խելոք ես խոսում, Վարիա, շատ խելոք ես խոսում: Բայց այդ ասածներդ գիտեմ ինչ տեղից ես սովորել։ Շատ կարելի է, որ քո կարդացած գրքերը ճշմարիտ են ասում, բայց այդպես չէ, Վարիա, գրքերի ասածն ուրիշ է, կյանքի ասածն — ուրիշ։ Միթե չե՞ս հասկանում, որ հասարակություն կա, խոսողներ կան, թշնամիներ ու բարեկամներ կան։

— Պապա, համաձայն եմ ձեզ հետ, գիտեմ, որ հասարակությունն ինձ բամբասում է։ Բայց մի՞թե նա իրավունք ունի պահանջելու, որ կրկին մտնեմ այն դժոխքը, որտեղից դուրս եմ եկել...

— Գոնե ի՛նձ խնայիր, սիրելի Վարիա, տեսնո՞ւմ ես,— հուզված ձայնով պատասխանեց Մինաս Կիրիլլիչը, ձեռով դարձյալ ցույց տալով ալեզարդ գլուխը։

Վարվառեն երեսը շուռ տվեց, որ թաքցնի յուր արտասուքը։ Հայրը խրախուսվելով, առաջ տարավ յուր հորդորանքը։

— Եթե ուրիշներն իսկական պատճառներն իմանային և հետո խոսեին, ես այսքան չէի տանջվիլ, հասկացի՛ր, Վարիա: Բայց ո՞ր մեկին հավատացնեմ, ո՞ր մեկին, թե Միզանդրոնցովը վատ մարդ է, թե մեղավորը միմիայն նա է, թե նա քո մի եղունգին չարժե։ Ո՞վ է ուշադրություն դարձնողը, ո՞վ: Դու ասում ես, թե հասարակությունն իրավունք