չունի քեզ ստիպելու, որ կրկին այն դժոխքը մտնես։ Հասկանում եմ, Վարիա, քո ասածը, շատ լավ եմ հասկանում: Բայց ո՞ւմ կարող ես համոզել, թե ոչ ոք իրավունք չունի ուրիշի վրա, թե ոչ ոքի իրավունքը չէ ուրիշների ընտանեկան գործերի մեջ խառնվիլը։ Հասարակությունն ասում է. ահա աստծու հրամանը, քրիստոնեական պատվերը և մարդկային օրենքները, հպատակվի՛ր նրանց, իրավունք չունիս չհպատակվելու. կին ես, ասում է, պիտի ապրես եկեղեցական օրենքով պսակված մարդուդ հետ։ Ահա, Վարիա, մարդիկ ինչ են պահանջում, և ուրիշ ոչինչ, ոչինչ չեն ուզում լսել. դու ես մեղավորը, թե Միզանդրոնցովը — այդ միևնույնն է…
— Բավական է, պապա, ես շատ ցավում եմ միայն նրա համար, որ դուք իմ պատճառով ամեն օր ինքներդ ձեզ այդպես տանջում եք։ Երանի թե ես էլ իմ մյուս քույրերի և եղբայրների հետ մանուկ հասակումս մեռնեի, կամ ծնված չլինեի։ Գոնե ա՛յժմ թող աստված ձեզ ինձանից ազատի։
— Լռի՛ր, Վարիա, այդ խոսքերով դու ինձ ավելի վշտացնում ես…
Մինա Կիրիլլիչը սկսեց հուզված անցուդարձ անել սենյակի մեջ։ Մի քանի րոպե հայր ու աղջիկ լուռ էին։ Հետո հայրը նորից սկսեց հորդորել աղջկան և, երբ տեսավ, որ այլևս Վարվառեն ոչինչ չի խոսում, հայտնեց, թե ինքը մտադիր է այսօր անպատճառ պատասխանել Միզանդրոնցովին։ Թող Վարվառեն շուտով մի պատասխան տա. եթե ինքը չի ուզում գրել, թող ասի, Մինաս Կրիլլիչն ինքը կգրի Միզանդրոնցովին։
— Ես երբեք գրիչ չեմ վերցնիլ նրա անունով,— պատասխանեց Վարվառեն հակիրճ։
— Ուրեմն, ես կգրեմ,— ասաց Մինաս Կիրիլլիչը։
— Իզո՜ւր։
— Ի՞նչ գրեմ, ասա՛,— ծերուհին, վերջապես, համբերությունը կորցրած։
— Ոչի՛նչ։
— Անկարելի է։ Ես կգրեմ, որ դու համաձայն ես հաշտվել Ակիմ Աբրոսիմիչ Միզանդրոնցովի, այսինքն քո օրինական ամուսնու հետ։