Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/407

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ես էլ կգամ հետդ։

— Ի՞նչ, ուզում ես ինձ խայտառա՞կ անել, այդ կապոցը տնից տուն հետս մանացնելով։ Աստված սիրես, թող բազազխանի հին սովորություններդ։ Գնա տուն, ծառաներին մտիկ արա։

— Ա՛յ խորամանկ Կատո. դու ինձ խաբում ես,— ասաց Լազար Մակարիչը կատակով։

Կատոն մի կատաղի հայացք ձգեց նրա վրա։

— Ափսոս, որ փողոցումն ենք, թե չէ — ես քեզ ցույց կտայի... Անամո՜թ...

Մարդը տրտնջալով գնաց տուն, որ գտնվում էր Սոլոլակի փողոցներից մեկում։ Կինը դիմեց դեպի մի այլ կողմ։ Փողոցի ծայրում նա հանկարծ հանդիպեց այն նորաձև հագնված, երեսը սափրած, բարակ ընչացքով և համարձակ դեմքով տղային, որից նա չէր բաժանվում նվագահանդեսի երեկո։ Նրանք քաղցրությամբ բարևեցին միմյանց...

Եվ ամուսնական առաքինության նախանձախնդիր կնոջ դեմքը մի վայրկյանում փոխվեց: Կատոն դարձավ ուրախ, զվարճախոս, և նրա սևորակ աչքերի մեջ սկսեց փայլել մի կայծ, հրապուրիչ — ոմանց համար, հրիչ — այլոց համար։ Նա երիտասարդի հետ միացավ զբոսնող ամբոխին։ Փողոցային ընդհանուր աղմուկի մեջ նա լսում էր ուղեկցի երկիմաստ զվարճախոսությունը, ներքին հաճությամբ — յուր համար և արտաքին սառը լրջությամբ — ուրիշների համար։

Չէ՞ որ նա բացառություն չէ, ո՛չ առաջինն է և ոչ վերջինն առաքինություն կոչված քողի տակ պատսպարված «քաղաքակիրթ» հասարակության մեջ։ Ապա ուրեմն, թո՛ղ «քաչալ Լազարեն» առժամանակ կռվի խոհարարի հետ, թե ինչու նա կերակուրների վրա չափից դուրս շատ յուղ է գործածում և սպասավորին հանդիմանի, թե ինչու շաքարը գողանում է։ Իսկ հետո յուր ճաղատ գլխով և տգեղ բերանով, փույթ չէ, թող ճաշի սեղանի մոտ մի ժամ ևս ավելորդ սպասե յուր գեղեցիկ կողակցին...

Այնինչ՝ Նատալիա Պետրովնան, մնալով միայնակ, սկսեց լրջորեն խորհրդածել Ռոստամյանի ու Վարվառեի հարաբերության մասին։ Նա, հարկավ, Ռոստամյանի սիրո դեմ