կնոջ հետ։ Երկու ամիս անցած միայն ստացավ յուր նամակի պատասխանն, ուր անարգ ամուսինն երդվում էր, թե միշտ սիրել է Վարվառեին, իսկ այժմ կրկնապատիկ է սիրում, թե պատրաստ է դարձյալ հաշտվել, եթե միայն Վարվառեն արժանի կհամարի հաշտվել։ Երկրորդ նամակով Մինաս Կիրիլլիչը հուսադրեց նրան, թե Վարվառեն փոքր առ փոքր մեղմանում է, թեև վերջինի կողմից այդ չէր նշմարվում։
Եվ ահա այս վերջին նամակի պատասխանն էր, որ Մինաս Կիրիլլիչն այն օրն առաջարկում էր Վարվառեին կարդալ։ Այդ անցքից հետո Մինաս Կիրիլլիչն երկար մտածում էր, թե ինչ պատասխանի Միզանդրոնցովին։ Նա յուր փեսայի զղջմանն այս անգամ անպայման հավատում էր։ Այս էր պատճառը, որ նա այն քանի օրերը մտախոհ էր և չէր խոսում աղջկա հետ։ Վերջապես, վճռեց դիմել վերջին միջոցին։ Գրեց Միզանդրոնցովին, թե Վարվառեն համաձայն է հաշտվել և խնդրեց, որ անպատճառ ինքը գա։ Նա հույս ուներ, որ ամուսնու ներկայությունն և անձամբ ներում խնդրելը կարող է մեղմացնել Վարվառեին ավելի շուտ, քան հեռվիցհեռու։ Եվ ժամ առ ժամ սպասում էր յուր փեսայի գալստյանը...
Զատկի առաջին երկու օրերն անցան։ Վարվառեն տնից դուրս չեկավ այդ օրերը։ Իսկ Մինաս Կիրիլլիչն ավելի հաճախ էր զբոսնում դրսում։ Առաջին օրը նա գնաց Նատալիա Պետրովնայի մոտ՝ զատիկը շնորհավորելու և վերադարձավ, հետը բերելով այրիին և Ռոստամյանին։ Վերջինը շատ երկար չմնաց, շնորհավորեց Վարվառեին, փոքր ինչ նստեց և դուրս գնաց։ Նա երևում էր մի տեսակ տենդային շփոթության մեջ և ավելի գունատ, քան երբևիցե եղել էր։ Իսկ այրին բավական երկար նստեց և սկսեց խոսել տոների առթիվ. թե ինչպես են թիֆլիսեցիները զատիկն անցկացնում, ինչ են ուտում, ուր են գնում և այլն, և այլն։ Ի միջի այլոց, նա խոսեց և «մեռելոցի» մասին: Մինաս Կիրիլլիչը դարձյալ հիշեց յուր անցյալն, յուր հանգուցյալ ամուսնուն, վաղաթառամ զավակներին։ Չէ՞ որ ամեն տարի, զատկի երկրորդ կամ երրորդ օրը, նա ճշտությամբ օրհնել էր տալիս նրանց