Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/413

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գերեզմանները։ Իսկ այժմ նա գտնվում է պանդխտության մեջ, հեռու այդ թանկագին գերեզմաններից։

— Ո՞ր գերեզմանատանն է շատ ժողովուրդ լինում,— հարցրեց Նատալիա Պետրովնայից։

— Խոջիվանքի գերեզմանատանը,— պատասխանեց այրին։

Ծերունու մեջ ցանկություն հղացավ՝ գնալ գերեզմանատուն։ Երեքշաբթի առավոտը նա առաջարկեց Վարվառեին՝ եթե կամենում է, միասին գնան։

Վարվառեն մերժեց։ Մինաս Կիրիլլիչը, հակառակ յուր սովորության, չթախանձեց նրան։ Մի թեթև նախաճաշիկից հետո, նա ուղևորվեց դեպի Խոջիվանք։

Վարվառեն մնաց միայնակ։

Օրը պարզ էր և բավական շոգ։ Ապրիլի սկիզբն էր. ծառերը, դաշտերն արդեն կանաչել էին։ Քաղաքի այգիները մի գեղեցիկ, խայտաբղետ տեսարան էին ներկայացնում։ Սոսիներն ու կաղամախները փոքրիկ դեղնականաչավուն տերևներ էին արձակել, իսկ պտղատու ծառերից շատերը զարդարվել էին սպիտակ և վարդագույն ծաղիկներով։

Վարվառեն յուր լուսամուտից մի հայացք ձգեց հրապուրիչ գարնանային տեսարանի վրա և հառաչեց։ Մի այլ ժամանակ այդ օրն, այդ եղանակն և հոր գերեզմանատուն գնալը նրա մեջ կզարթնեցնեին անցյալի հիշատակներ։ Նա կմտաբերեր յուր մանկությունն, երբ հայրն ամեն տարվա զատկին յուր հետ տանում էր նրան գերեզմանատուն, ցույց էր տալիս մոր, քույրերի և եղբայրների գերեզմանները։

— Ահա՛, այստեղ թաղված է, սիրելի Վարիա, քո եղբայր Սրաֆիոնը...— կհիշեր նա հոր խոսքերը... — վեց տարին չէր լրացել, բայց տեսնողը կարծում էր, թե տասը տարեկան է... խելոք, գեղեցիկ։ Այս փոքրիկ Ռոզայի գերեզմանն է, ա՜խ, մայրդ ի՜նչքան սիրում էր նրան։ Ահա՛, այստեղ թաղված է Լիզան։ Լիզայի աչքունքը սև էին, մազերը խիստ երկայն, բոլոր դրացիները սիրում էին նրան։ Այդ մեկը Սաշայի քարն է. համբուրի՛ր, Վարիա, համբուրի՛ր, քո եղբոր գերեզմանն է... Այն էլ Սիրունիկն է... Տեր Գրիգորը տվեց նրան այս անունը, օրհնեց և ասաց. «թող աստված