Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/414

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սրան երկար կյանք տա»։ Բայց աստված նրան էլ չպահեց։ Այս կո՛ղմ եկ, այս կո՛ղմ եկ, դա Սոնիան է, դեռ քար չեմ գցել տվել, փոքրիկ էր, շատ փոքրիկ... Վարինկա, քաղի՛ր այն սպիտակ ծաղիկը... Այստե՛ղ եկ, այս մեծը տեսնո՞ւմ ես... ճանաչո՞ւմ ես, Վարինկա... Դա նա է, քո...

Հոր ձայնն այստեղ ընդհատվում էր, խուլ հեկեկանքը չէր թույլ տալիս նրան շարունակել։ Իսկ մանկահասակ Վարվառեն վազվզում էր շիրիմների շուրջը, համբուրում էր, ծաղիկներ էր քաղում, չնկատելով հոր արցունքն յուր թանկագին զավակների և անբախտ ամուսնու մասին։

Ո՛չ, այդ չէր հիշում Վարվառեն այս անգամ, նրա միտքն ուղղված էր դեպի ա՛յլ կողմ, նրա սիրտն ուժգին ալեկոծվում էր ա՛յլ զգացմունքներով։

— Ի՞նչ անեմ, տեր աստված, ի՛նչ անեմ,— շշնջում էին նրա շրթունքներն անդադար, և նա երկու ձեռներով մերթ սեղմում էր ճակատը, մերթ ծածկում էր երեսը։

Արդեն նվագահանդիսի երեկոյից հետո, անթիվ անգամ նա այս հարցը կրկնել էր ինքն իրան։ Մթնում էին նրա մտքերը, շփոթվում էին զգացմունքները, պղտորվում էր սովորական առողջ և խելացի դատողությունն, երբ նրա առջև պատկերանում էր Ռոստամյանը։ Իսկ Ռոստամյանը պատկերանում էր նրա աչքերի առջև առավոտ երեկո, ամեն ժամ, ամեն րոպե, ավելի — քայլ առ քայլ հետևում էր նրան, ցերեկը խլում էր նրա հանգստությունը, գիշերը բորբոքում էր արյունը։ Քնից առաջ Վարվառեն ամբողջ ժամերով շրջում էր յուր սենյակում մի հասարակ ներքնազգեստով։ Ստեպ-ստեպ նա մոտենում էր, բաց էր անում դեպի գավիթ նայող լուսամուտի փեղկերը։ Դիմացի լուսամուտի ապակիների վրա րոպե առ րոպե նկարվում էր Ռոստամյանի ստվերը, մերթ երևում էր նա ինքը շեմքի վրա, մերթ դրսում, արմունկները հենած պատշգամբի ճաղերին։

Այժմ Վարվառեի համար պարզ էր, թե ինչու նա այդպես հաճախ դուրս է գալիս պատշգամբ։ Նատալիա Պետրովնան գրեթե ամեն օր այցելում էր յուր կենողներին։ Վարվառեն տակավին զգուշությամբ էր վարվում տանտիրուհու հետ. նա չէր խոսում Ռոստամյանի մասին։ Տանտիրուհին