Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/415

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինքը պատմում էր այն ամենն, ինչ որ անում էր Ռոստամյանը։ Նա բոլորովին փոխվել է, չի պարապում, չի նստում տանը, կարգին չի ճաշում, դուրս է գալիս ու ներս մտնում, դեղնած, ապշած, ոչ ոքի հետ չի ուզում խոսել։

— Վախենում եմ, որ գժվի,— կրկնում էր Նատալիա Պետրովնան յուր հին երգը:— Զատկի երեկո մի իրան նման ջահել տղա եկավ. հետը գնաց նրանց տուն։ Մինչև լույս տուն չեկավ։

Այս բոլորից Վարվառեն զգում էր, որ Ռոստամյանն, արդարև, տանջվում է։ Քանի՜ անգամ Վարվարռեն տեսել է նրան ցերեկով, լուսամուաից գաղտնի իրան դիտելիս, հուզված դեմքով, վառ աչքերով։ Տանջվում է, այո, բայց ո՞վ է մեղավորը։ Չէ՞ որ նա հանգիստ և խաղաղ կյանք էր վարում մինչև Վարվառեին հանդիպելը։

— Բայց ես ինչո՞վ եմ մեղավոր, տեր աստված,— ասում էր Վարվառեն։

Միթե նա կարո՞ղ է գուշակել, որ այդ տան մեջ նա պիտի գտնե նրան, որին անգիտակցաբար որոնում էր երկար տարիների ընթացքում։

— Ոչ, անկարելի է այսպես շարունակել,— շշնջաց Վարվառեն բորբոքված, անխնա ջարդելով մատները։— Այս երկու կրակի մեջ ապրելու ուժ չունիմ։ Բավական է, որքան տանջվեցի, կամ այսպես, կամ այնպես...

Բայց ի՞նչպես։ Աջ է նայում — կանգնած է ջերմ սիրով սիրող հայրը, որին ինքը ևս պաշտում է յուր բոլոր ծնողասիրական զգացմունքներով և որի հանգստությունը կազմում է նրա գոյության տարրերից մեկը։ Ձախ է նայում — հանդիպում է հասարակական անողոք դատաստանին, կրոնի խստագույն սպառնալիքին։ Իսկ այնտեղ, դյութական զորությամբ մղում է նրա սիրտը Ռոստամյանը։ Մի կողմում, հոր պատիվը, հանգստությունը, մարդկանց նախապաշարմունքները, կրոնը, մյուս կողմում, աներկբա երջանկությսւնը։ Ո՞րն ընտրել, ո՞ւր դիմել — ահա բարդ հարցը, ահա երկսայրի սուրը, ահա դիլեմման, որ կարճ միջոցում սպառնում է մաշել, ոչնչացնել նրա հոգին։

Եթե նա այնքան չսիրեր հորն, եթե հայրն այնքան չերկնչեր