Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/416

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հասարակությունից, այն ժամանակ գուցե դյուրին լիներ մի վճիռ կայացնել։ Իսկ ա՞յժմ...

— Ո՛չ, ես չեմ կարող այս անդունդն անցնել...

Ինչո՞ւ, մի՞թե, արդարև, անկարելի է։ Եթե մեկին նա չի սիրում մի՞թե մյուսին սիրելու իրավունքից էլ զրկվում է: Սարսափելի խստություն... անգո՜ւթ հասարակություն։ Մեկը պնդում են, առանց մյուսը նախատեսնելու, և տակավին բնական օրենքներն արհամարհում են սառն, անսիրտ կանոններով, սնահավատությամբ։ Մարդկանց աչքում հերետիկոս դառնալ — ոչ, Վարվառեն այդ չի կամենում, նա ձեռք չի բարձրացնում ոչ ոքի սկզբունքների դեմ։ Բայց մի՞թե մի ոք այնքան անողոք պիտի գտնվի, որ յուր հեղինակությամբ խլե նրա անհատական ազատությունն, արհամարհե՞ ա՛յն, ինչ որ նրա համար ավելի սուրբ է և ավելի պաշտելի։ Ինչո՞վ վարձատրեցին նրան այն վշտերի փոխարեն, որ երկու տարի շարունակ մաշում էին նրան Միզանդրոնցովի հարկի տակ։ Ինչո՞ւ և՛ այժմ ստիպում են նրան ընդունել այն, ինչ որ գարշ է, և խլում են նրանից այն, ինչ որ երջանկություն է։ Այդ բնության օրենքներն են։ Ինչո՞ւ հակասում են բնությանն, որն ինքն աստվածն է։ Ո՛չ, այդ անկարելի է, այդ բռնություն է... քրիստոնեական ազատամիտ սկզբունքները չեն կարող այդքան խստադատ լինել...

— Տեր աստված, տեր աստված, ոչինչ չեմ հասկանում, ոչի՜նչ,— գոչեց Վարվառեն, այս խոկումների ծանրության ներքո ճնշված,— աչքերս մթնում են, գլուխս պտտում է այս բոլորից։

Մի՞թե նրան էր միայն վիճակված լուծել այս դժվար խնդիրը։

Ինչո՞ւ, ի՞նչ մեղքերի պատճառով, ո՞ւմ է վնասել, ե՞րբ է մեկին նախանձել կամ մեկին չար կամեցել։ Նա բախտավորության մասին այլ գաղափար ուներ, նրա երևակայությունը ստեղծել էր բոլորովին այլ կենսական իդեալ։ Բայց ճակատագիրը թշնամացավ նրան։ Վաղօրոք խլեցին նրան բնության ձեռքից և հանձնեցին դժբախտության ձեռքը։

— Պա՛պա, պա՛պա, ես քեզ չեմ մեղադրում։ Դու ինձ