Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/446

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տիկին Սաթոյանի մոտ, ես ուզում եմ նրա հետ ծանոթանալ։

— Պրծավ, գնաց, — արտասանեց Լազար Մակարիչը, հեգնաբար ժպտալով։

— Ի՞նչ ես ուզում, ի՞նչ,— գոչեց Կատոն բարկացած, աչքերի բիբերը սաստիկ խաղացնելով։

— Ուզում եմ, որ որտեղ գնում ես, ինձ հետ գնաս, — պատասխանեց Լազար Մակարիչը դարձյալ կատակի ձևով։ — Ես խանդոտ եմ, հասկանո՞ւմ ես,— ավելացրեց նա նույն եղանակով։

— Ասիացի,— գոչեց Կատոն, ծաղրելով,— այդ էր պակաս, որ հետևիցս ընկած, տանես ինձ այստեղ ու այնտեղ։ Բան ասաց, խանդոտ եմ. վաղն էլ կասես, հավլաբարցու պես, թե տանը նստիր ու մի դուրս գնար։ Ամաչի՛ր, ամաչի՛ր, Լազրո, լսողներն ի՞նչ կասեն։ Այն հին ժամանակներն էր, որ մարդը կնոջ գլխի տերն էր, հիմա ուրիշ ժամանակ է, հասկանո՞ւմ ես։

— Դրուստն ասեմ, ինձ համար հին ժամանակները հիմիկվանից շատ ու շատ լավ էին։

Կատոն աչքերի բիբերն ավելի կատաղի ոլորեց դեպի ամուսնու կողմը։

— Ի՞նչ… ես կալատոզի, դաբաղի, թե՞ կոշկակարի աղջիկ եմ քեզ համար,— գոչեց նա վրդովված։— Ափսոս… դու էլ, այ, այնպիսի կնիկ պիտի ունենայիր, քեզ խրատեր,— ավելացրեց նա, գլուխը խորհրդավոր կերպով շարժելով դեպի հարևան բնակարանի կողմը,— խոմ խեղճ մարդն աղջկանից չէր հեռանում, տեսա՞ր ինչ արավ։

— Դե լավ, հերիք է, Կատո,— մեջ մտավ այրի Նատալիան, խրատելով յուր աղջկան,— նա քեզ խոմ մի բան չասաց, հանաք արավ։

— Թող մյուս անգամ քաղաքավարի հանաք անի,— ասաց տիկինը հանդիմանական եղանակով,- թե չէ, դու էլ կկարծես, թե ես երկար թրև եմ գալիս դրսերում։ Գնա՛նք,— դարձավ նա ամուսնուն,— գնա՛նք, մի քիչ կառքով ման գանք, հետո տասներկու ժամին ինձ կտանես տիկին Սաթոյանի տունը։