Աղջիկն ու փեսան դուրս գնալուց հետո, այրին մի երկար հառաչանք արձակեց կրծքից և ինքն իրան արտասանեց.
— Երանի թե դուք մինչև մահ հաշտ մնաք։
Մի քանի ժամ անցած, Պետրեն՝ այրիի ծառան, սկսեց ճաշի սեղանը պատրաստել։ Առավոտյան Ռոստամյանը այրիի հարցին պատասխանել էր, թե տանն է ճաշելու, բայց արդեն երրորդ ժամն էր, նա դեռ չէր վերադարձել տուն։ Վերջապես, նա եկավ, և այրին անմիջապես հրավիրեց նրան ճաշի։
Ռոստամյանը հոգնած էր, քրտնած, կոշիկներն և վարտիկի եզերքը փոշոտ։
— Շա՞տ եք ման եկել,— հարցրեց այրին։
— Գնացել էի հեռու, քաղաքից դուրս, — պատասխանեց Ռոստամյանը հոգնած ձայնով։
Նա սկսեց շտապով ճաշել։ Այրին ագահությամբ դիտում էր նրա դեմքը գաղտնի կերպով։ Թվում էր նրան, որ յուր երիտասարդ բնակիչը վերջին օրերը ոչ միայն նիհարել է, այլև ծերացել։ Արդարև, նրա լայն ճակատի կողմերում, քունքերի մազերի մեջ ճերմակների թիվը, կարծես, ավելացել էր։ Բերանի անկյունների խորշերը մի փոքր ևս խորն էին ընկել, իսկ կարճ խուզած նոսր միրուքն ավելի նկատելի էր կացուցանում նրա նիհարությունը։
Ճաշից հետո, Ռոստամյանը, հակառակ սովորականին, մնաց այրի Նատալիայի մոտ։ Նա նստեց թախտի վրա, ծխախոտը ձեռին։ Այրին զգում էր, որ նա բան ունի ասելու։ Իրավ, Ռոստամյանը մտադիր էր յուր բարեսիրտ տանտիկնոջ հետ խոսակցություն բանալու… Վարվառեի մասին։ Այն նշանավոր օրից հետո անցել էր ամբողջ տասներեք օր, իսկ Ռոստամյանը տակավին չէր տեսել Վարվառեին։ Հինգ-վեց օր շարունակ նա ցերեկները թափառում էր դրսերում։ Վերջը նրա համբերությունը սպառվեց, և նա վճռեց անպատճառ տեսակցել Վարվառեի հետ։ Իսկ Վարվառեն չէր երևում ո՛չ պատշգամբի վրա և ո՛չ լուսամուտների առջև։ Ի՞նչ պատահեց արդյոք, մի գուցե հիվանդ է։ Երևի հիվանդ է, եթե ոչ գոնե կերևար դրսում։ Միայն մի անգամ Ռոստամյանը