Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/471

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր, մերթ նվազում։ Իսկ բժիշկը շարունակում էր հուսադրել թե՛ հորն և թե աղջկան։

Եվ ինքը հիվանդը միայն ժպտում էր, երբ լսում էր բժշկի խրախույսը։ Նրա համար այլևս այսուհետև միևնույնն էր — կառողջանա, թե չէ, նա մտածում էր հոր մասին։ Ի՛նչ կպատահի, արդյոք, ծերունուն, ո՞վ կմխիթարի նրան և ինչո՞վ։ Սակայն երբեմն նա ինքն իրան սիրտ էր տալիս, թե վերջին տխուր անցքերը նվազեցրել են հոր սերը, ուրեմն հարվածն այնքան զգալի չի լինիլ ծերունու համար, որչափ եթե նա սիրեր Վարվառեին նախկին սիրով։ Ավելի վշտացնում էր հիվանդին Ռոստամյանի վիճակը.— այրին անմխիթար լուրեր էր հաղորդում յուր կենողի մասին։

Վարվառեի հիվանդությունն առիթ տվեց Ռոստամյանին, վերջապես, հայտնել այրիին յուր սերը, հայտնել այն, ինչ որ վաղուց հայտնի էր վերջինին։ Ինչու և ինչպես թաքցներ այլևս, քանի որ ամեն օր նա անհամբեր, դառն տանջանքով, սպասում էր, մինչև որ տանտիրուհին լուր կբերեր հիվանդի մասին։

Վերջին օրերը նա դարձյալ տանից դուրս չէր գալիս, բացի այն դեպքերից, երբ իշխանավորի կողմից կանչվում էր։ Իշխանավորն առաջին անգամ նրան մի թեթև ակնարկ արավ, թե շատ է ուշացնում յուր աշխատությունն, երկրորդ անգամ ուղղակի նկատողություն արավ, իսկ երրորդ անգամ սաստիկ հանդիմանեց։

Այս տեսակցությունների ժամանակ Ռոստամյանն յուր իշխանավորի և պաշտոնակիցների մոտ տարօրինակ էր պահում իրան։ Մինչ գործերի մասին նրանից տեղեկություններ էին պահանջում, նա, կարծես, չէր լսում իրան առաջարկված հարցերն և մի անգամ տված հարցը կրկնել էր տալիս կամ ապշած նայում էր իշխանավորի երեսին։ Կային այնպիսի համարձակները, որ ուղղակի իրարու մեջ սկսեցին խոսել, թե նրա ուղեղը վնասվել է։ Այս կարծիքն, ինչպես աշխարհի բոլոր չար լուրերը, կայծակի արագությամբ տարածվեց Ռոստամյանի մասին նրա բոլոր պաշտոնակիցների շրջանում և հետո, իբրև մի ստույգ իրողություն, սկսեց անցնել փողոց։