Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/472

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վերջապես, մի անգամ ևս Ռոստամյանին կանչեցին և, մի քանի օր ժամանակ տալով, պարտավորեցրին այս անգամ գործն անպատճառ ավարտել և ներկայացնել։ Հակառակ դեպքում սպառնում էին զրկել նրան յուր պաշտոնից։ Բայց ո՜ւր... Ռոստամյանն ոչ միայն աշխատելու, այլև գործի մասին մտածելու կարողություն ու ցանկություն չուներ։

Նրան զրկեցին պաշտոնից, գործերն առան և հանձնեցին մի ուրիշ պաշտոնյայի։ Ռոստամյանն հարվածն ընդունեց ամենայն անտարբերությամբ։

Ի՜նչ օգուտ այսուհետև պաշտոնից և գործից և ո՜ւմ համար, քանի որ նրա գոյության նեցուկը օրըստօրե խախտվում ու քայքայվում է։

— Նատալիա Պետրովնա, միթե հույս չկա՞, որ նա առողջանա։

— Աստծուն է հայտնի, որդի...

Եվ Ռոստամյանը գլուխը քաշ էր գցում հուսահատ ու լռում։ Ինչ փույթ բժշկի հույս տալուց, քանի որ և՛ այրիի անորոշ պատասխանը, իմաստալի հայացքները, և՛ պատտշգամբի վրա մերթ ընդ մերթ երևացող Մինաս Կիրիլլիչի վշտահար դեմքը, և՛ ամեն ինչ, և՛, կարծես, նույնիսկ օդը ներշնչում են Ռոստամյանին, թե այլևս անկարելի է հուսալ...

Այսպես, ուրեմն, մարդիկ հասան իրանց նպատակին — սպանեցին նրան, որ հանդգնում էր ձեռք բարձրացնել նրանց կուռքերի վրա... Դատաստանն ապագայի ձեռքումն է... Այրի Նատալիան, տեսնելով, որ յուր երիտասարդ կենողը շատ է տանջվում, աշխատում էր մխիթարել նրան։ Բայց զուր... Խեղճ կինը կեղծելու ընդունակությունից զուրկ էր, վասնորո նրա սուտ հույսերը ազդեցություն չէին անում։ Պատահում էր, որ նա, Վարվառեի մոտից վերադառնալուց հետո, միայնակ երկար ժամանակ մտածում էր գտնել երիտաասարդ կնոջ դժբախտության իսկական պատճառը։ Նա մերթ մեղադրում էր Մինաս Կիրիլլիչին, մերթ Միզանդրոնցովին, երբեմն և՛ Ռոստամյանին, բայց նրա մեղադրանքը և ոչ մեկի վրա կանգ չէր առնում։ Ի վերջո նա գլուխը