Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/486

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բարձրանալով, նայում է աղջկա մեռելագույն դեմքին։ Հանկարծ հիվանդն երկարատև հառաչում է, գլուխը շարժում է դեպի այրիի կողմն և զարթնում...

Ամենքը սթափվում են իրանը անշարժությունից: Ծերունին մոտենում է, ձեռը մեղմիկ դնում է աղջկա ձեռի վրա և սկսում է խոսել նրա հետ։ Հիվանդը մտիկ է տալիս նրա երեսին անթարթ աչքերով։ Սարսափելի և գերբնական հայացք։ Վարվառեի աչքերն, այն խոշոր, կենսալի, մելամաղձոտ աչքերը, մի տարօրինակ ազդեցություն են ստացել. բիբերն ապակու պես փայլում են, իսկ սպիտակուցն ավելի սպիտակել է և, կարծես, ոսկորի պես կարծրացել։

Ծերունին երկյուղածությամբ նայում է այրիի երեսին։ Սա շոշափում է Վարվառեի ոտները, ձեռով խորհրդավոր նշան է անում և շտապով վազում դուրս։

— Մի բաժակ կա՜թն,— լսում է ծերունին Վարվառեի ձայնը — մի ձայն, որ, կարծես, անդունդի խորքից է գալիս։

Ծերունին կաթով լի բաժակը մոտեցնում է աղջկա բերանին։ Նա մի քանի կաթիլ խմում է ու բաժակը զզվանքով հեռացնում իրանից, արտասանելով։

— Դա ջուր է։

Մահվան առաջին հաղթությունը, նա արդեն սպանել է Հիվանդի հինգ զգայարանքներից մեկը — ճաշակը։

— Վա՜րիա,— գոչում է ծերունին բոլորովին հուսահատված և թեքվում է, որ համբուրի դստեր պարզ֊հողագույն ճակատը։

Վարվառեն, լուռ, ձեռներր տարածում է աջ ու ձախ: Հայրը և դուստրը համբուրվում են։ Երկար և երկար ժամանակ ծերունին չի բաժանվում աղջկանից, մինչև որ մեկը բռնում է նրա թևից։ Ծերունին հետ է նայում և տեսնում է սևազգեստ, բարձրահասակ, սպիտակ միրուքով անձնավորություն, որ ինչ-որ շշնջալով նրա ականջին, աշխատում է հեռացնել նրան մահճակալի մոտից։

Քահանայի հետևից ներս է մտնում այրին, իսկ այրիի հետևից Կատոն: