Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պես Ադամյանի խաղը, չնայելով այդ շեղման, ոչինչ չէ կորցնում։ Այստեղ ևս նա այնպիսի խորը տպավորություն ներգործեց մեզ վերա, որ երբ վարագույրը ընկավ, մենք դեռ մի քանի վայրկյան մնացինք հափշտակված դրության մեջ, մինչև որ մեր հավանությունը կարտահայտեինք անկեղծ ծափահարությամբ։ Համլետին հատուկ խելացիությամբ և ճաշակով էր խոսում Ադամյանը նույնպես և թափառական դերասանների հետ։ Եթե այս տեսարաններում մի փոքր չշտապեր Ադամյանը, ավելի սքանչելի կլիներ։ Իսկ նա շտապում էր այնպես, որ շատ անգամ յուր խոսակցին ժամանակ չէր տալիս ավարտելու յուր խոսքը և իսկույն պատասխանում էր կամ հերքում, որը և բավական անհարմար էր թվում մեզ։ Զորօրինակ այնտեղ, երբ թափառական դերասանը փորձի համար ասում է Համլետի առջև յուր մոնոլոգը, Ադամյանը Պոլոնիուսին չթողնելով արտասանել «այդ մի փոքր երկար մոնոլոգ է» խոսքերը, շուտափույթ պատասխանեց՝ «ինչպես քո միրուքը», այնպես որ Պոլոնիուսը գրեթե նորանից հետո արտասանեց յուր խոսքերը։ Բացի շտապելուց, Ադամյանը այստեղ փոխել և կրճատել էր խոսքերը։ Օրինակ, փոխանակ ասելու «ինչպես քո միրուքը», պիտի ասեր «Մենք կուղարկենք նորան քո միրուքի հետ սափրիչին, որ նա կարճացնես» և այլն։ Բայց այդ երևի թարգմանչի հանցանքն է, որ անշուշտ չի հասկացել պիեսայի խոսքերը։ Այսպես թե այնպես, մի այդպիսի փոփոխություն մենք համարում ենք աններելի անփութություն, ում կողմից որ լինի նա։
Հրաշալի էր Ադամյանը նույնպես և հինգերորդ գործողությունում, նամանավանդ գերեզմանատան վերա։ Բայց ավելի հրաշալի կլիներ, եթե մյուս դերասանները ևս փոքրիշատե արվեստագիտությամբ խաղային, որ մեծ նշանակություն ունի Ադամյանի համար։ Համլետը գանգը ձեռքին, փիլիսոփայություն է անում։ Հանդիսականների ուշքն ու միտքը լարված է դեպի Ադամյանը, և մի այդպիսի հետաքրքրելի տեսարանում գերեզմանափորները իրանց անտեղի միմիկայով խանգարում են հանդիսականների ուշադրությունը, կարծես թե, վերնահարկին զվարճություն պատճառելու և