Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այդ կարծիքը սխալ է, և մենք բոլորովին բնական ենք գտնում Ադամյանի վայրկենական ինքնավստահությունը այդ տեսարանում։ Նամանավանդ բնական էր և սքանչելի Ադամյանը ուրվականի հետ խոսելու ժամանակ։ Այդպիսի մի տրագիկական րոպեներում, երբ մինչև անգամ հանդիսատեսը ակամա երկնչում է, թե ահա պիտի դերասանը մի որևէ անկանոն միմիկայով խանգարե տեսարանի բնական ընթացքը, կրկնում ենք, այդպիսի րոպեներում Պ. Ադամյանը կատարելապես հիացնում է մարդուն։ Այստեղ նա հրաշալի արվեստագիտությամբ երևան է հանում Համլետի խորին սերը դեպի յուր հոր հիշատակը, նորա հուզմունքը և այն բուռն զգացմունքները, որոնցով տոգորված է Համլետը։ Մարդ մի ախորժալի զմայլությամբ այդ տեսարանում հետևում է Ադամյանի լռին դերակատարությանը, որը գրեթե գլխավորապես անցնում է դեմքի արտահայտությամբ, և ակամա ափսոսում է, որ տեսարանը շուտով պիտի վերջանա, և վարագույրը պիտի քողարկե հասարակության առաջ Ադամյանին, որ այդ տեսարանում, կարծես թե, իրականացած գեղարվեստ է դառնում։ Բայց ավելի հիանալի է Ադամյանը մոր հետ խոսակցության տեսարանում։ Այստեղ հայելու նման պարզվում է մեր առջև Համլետի նուրբ բնավորությունը, որդիական քնքուշ սիրտը, բայց միևնույն ժամանակ և նորա սուր խորամանկությունը։ Ավելի ճիշտ և ավելի գրավիչ կատարել, քան թե կատարում է Ադամյանը այդ պատկերը, ճշմարիտը խոստովանած, մեզ անհավատալի է թվում։ Միայն այստեղ չգիտենք ինչու, Ադամյանը նախ մորը ճանապարհ է դնում, և հետո ինքը մնում է բեմի վրա թուլացած, և կարծես թե, բոլորովին հաղթված թեքվելով սեղանին, այնինչ՝ պիեսայի մտքով՝ նա մինչև վարագույրն ընկնելը պիտի ողջունե մորը և սպանված Պոլոնիուսի դիակը քարշ տալով տանի դուրս։ Բայց միայն Ադամյանը չէ, որ այդպես է անում, նույնը անում են և մեր տեսած ռուսաց դերասանները։ Ինչո՞ւ,- չգիտենք։ Գուցե անհարմար և անճոռնի է դատվում հանդիսականների առջև քարշ տալ բեմի վերա անշունչ դիակը։ Սակայն մենք ավելի անհարմար ենք համարում պիեսայի ճշտությունից շեղվելը։ Ինչ որ է, պիտի ներկայացնել ուշադրության չառնելով հանդիսականների ճաշակը։ Բայց և այն