չունի Սյուլյուկ-Ախտամերկյանը, բացի բուն տեղացիներից, ո՞վ է ծանոթ Նախիջևանյան՝ տաճիկ, ռուս և աղավաղված հայ բառերից բաղկացած՝ տեղական բարբառին։ Մյուս կողմից, իհարկե, մենք չենք կարող հեղինակին ստիպել, որ նա միայն զուտ գրական լեզվով գրի, բայց իրավունք ունինք ցանկանալու, որ հետզհետե գավառական բարբառները գեղեցիկ գրականության մեջ տեղ տան զուտ գրականին։ Բացի դորանից, չէ՞ որ պետք է զարգացնել գրական լեզուն, մշակել, հարստացնել, իսկ այս գործը միթե չի դժվարանա, եթե մեր առաջնակարգ հեղինակները մաքուր գրականը թողած, գավառական անհայտ կոշտ բարբառներով շարունակեն մեզ հետ խոսել։
Բայց մի կողմ թողնելով արտաքին ձևը, Սյուլյուկ-Ախտամերկյան ի (Ռ․ Պատկանյան) վերոհիշյալ պատկերները վերին աստիճանի խրատական են։
«Վարժապետ» անունով կենդանի պատկերը ներկայացնում է մի թեև ոչ նոր, բայց դեռևս հետաքրքրական երևույթ մեր կյանքից, այն է, որ մեր մանուկ սերնդի կրթության գործը գավառներում շատ անգամ հանձնվում է սխոլաստիկ տիրացուներին։ «Վարժապետը» իսկապես պատկերի մեջ դուրս չի գալիս, բայց ծիծաղաշարժ է նկարագրված նորա հայրը, որ յուր որդու ոտանավորները ցույց տալով հեղինակին, գովում է նորան։ Միայն հեղինակը կողմնակի մի քանի դատողություններ է անում, որ վնասում են պատկերի ամբողջությանը։ Բացի դորանից, հեղինակը յուր նկարագրության մեջ առաջ է բերել մի քանի մանրամասնություններ, որ ընթերցողի ճաշակին անդուրեկան են։
«Վարթևոր» վերնագրով գրվածքում հեղինակը համեմատում է մեր նահապետական կյանքը ներկայի հետ և՝ յուր սովորության համեմատ՝ առաջինը գերադասում է։ Այնուհետև պատմում է, թե ինչպես «Խաֆաֆ Օվանեսին» (որի բերանով խոսում է հեղինակը) վարդավառի օրը հարբեցնում են և մի սիրուն աղջիկ ցույց տալով, նշանում են ու հետո պսակում մի ուրիշ այլանդակ աղջկա հետ։
Մինչև այսօր Խաֆաֆ Օվանեսը չի մոռանում այն դժբախտ Վարթևորի օրը։