Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հյուրն է առաջինը, չնայելով «սուրի պես կտրող ցրտին» այն էլ երեկոյան, կանգնած են լինում փողոցային պատշգամբի վերա։ Հեղինակի խորամանկ կարգադրությամբ, տեր-Պետրոսի խոսքերը Մարկոսի և եպիսկոպոսի մասին հասնում են վերջինների ականջին։ Մարկոս աղան, օգտվելով նոցա հարբած դրությունից, տալիս է Սահակին հինգ Հարյուր ռուբլի և փոխարենը ստանում է Սահակի տեղ տերտերի ստորագրությամբ գրված, հինգ հազար ռուբլու ստորագիր։ Իսկ եպիսկոպոսը տերտերին պատժում է իրան համար հայտնած անվայել կարծիքի մասին, զրկելով նորան յուր պաշտոնից։
Մարկոսի այդ տեսակ խարդախությամբ ձեռք բերած փողերը խաբեբայությամբ հետզհետե խլելով նորանից, նորա միակ որդին, թեթևամիտ, անբարոյական Գրիշան շռայլում է մի օտար դերասանուհու վերա։ Իսկ Սահակը գանգատվում է դատարանին, Մարկոս աղայից պահանջելով հասանելիքը: Մարկոսը հինգ հազար ռուբլու ստորագիրը ներկայացնելով, ազատվում է։ Սահակին մերժում են, իսկ ծերունի տեր-Պետրոսին, դորա՝ հօգուտ Սահակի տված սուտ վկայության համար, եպիսկոպոսը դատապարտում է եկեղեցու մեջ քառասունօրյա ապաշխարանաց։ Վճիռը լսելիս «Սահակի շրթունքը ճաքեց և սկսեց արյուն հոսալ», ասում է հեղինակը մի այնպիսի եղանակով, որ կարծես թե ինքը հավատում է յուր ասած ստին։ Վրդովված Սահակը մի անգամ փողոցում ատրճանակով վիրավորում է Մարկոսին և բանտարկվում է։ Նորա կույր մայրը դիմում է Մարկոսին, խնդրելով, որ սա ներե յուր որդուն և միջնորդի բանտից նորան արձակելու։ Մարկոս աղան սանդուղքից գլորում է կույրին ցած, և Սահակի մայրը մեռնում է (դա մեկ սպանություն)։ Սահակր յուր փեսացու Աղեքսանդրի տված 1 000 ռուբլու գրավականով ազատվում է բանտից, և տուն է գալիս յուր մոր դիակր ներս բերելուց մի փոքր հետո։ Այնինչ տեր-Պետրոսը մաշվում է եկեղեցու խորանում։ Մարկոս աղան, կամենալով տեր հոր վիճակով օգտվել, Ավագ-հինգշաբթի եկեղեցին կողոպտում է։ Հակառակի պես նույն երեկոյան Սահակը ծեր Պետրոսի համար էշի կաթ է բերում և եկեղեցվո պատուհանից տալիս նորան, որ վերջինը խմե կրծքացավի դեմ։ Մյուս օրը հռչակվում է, թե եկեղեցին