Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ձիրքերի շնորհիվ։ Իսկ այդ համակրությունը մի ամուր հիմք է ազգերի ապագա փոխադարձ համերաշխության համար։ Այդչափ մեծ է գրականության ուժը իբրև միավորիչ տարրի։

Այս մտքերը մեր մեջ հղացրեց վերջին ժամանակի մի ուրախալի երևույթ, որի մասին մենք կխոսենք հետևյալ անգամ։

2

Այն երևույթր, որի մասին ակնարկեցինք մեր անցյալ հոդվածի վերջում, հայ գրականության հետ օտարներին ծանոթացնելու ձգտումն է, որ վերջին տարիները արտահայտվեց մի քանի թարգմանական ձեռնարկություններով։ Մի կողմ թողնելով այդ ձեռնարկություններից շատերը, որոնք մասամբ անհաջող փորձեր էին և մասամբ թերակատար և կուսակցական ոգով տոգորված (օրինակ «Հայկական գրադարան» անունով գերմաներեն թարգմանությունները), ամենից ավելի ուշադրության և խրախուսանքի արժանի պետք է համարել Մոսկվայում Յուրի Վեսելովսկու խմբագրությամբ լույս տեսած «АрМ․ беЛЛетрИСТЫл» որ արդարև մի լուրջ գործ է։

Ռուս հասարակությունը մինչև վերջին ժամանակ, նույնիսկ այժմ էլ, հայերին համարում էր լոկ մի վաճառականական ազգ, որ բացի իր առանձին եկեղեցուց, չունի և ոչ մի ուրիշ բան։ Մեր թթված ազգասերներին վիրավորում էր այդ արդարև անախորժ կարծիքը մեր մասին։ Բայց ոչ ոք այդ ազգասերներից չէր ուզում խոստովանվել, որ որքան ևս միակողմանի լինի ռուսների ինչպես և շատ ուրիշ օտարազգիների կարծիքը մեր մասին, դարձյալ իր հիմունքով մասամբ արդարացի է։ Ինչ իրավունք ունինք օտարներից պահանջել մեր մասին ուրիշ ավելի նպաստավոր կարծիք, քանի որ նրանք ծանոթանում էին մեր ազգի հետ այն տարրի միջոցով, որ միայն մինչև այժմ առնչություն է ունեցել օտարների հետ, այն է՝ վաճառականական դասի։ Բարձրաձայն գռռալ, թե հայերը կուլտուրական ազգ են, այս ու այն բարոյական արժանավորություններն ունեն, և միևնույն Ժամանակ, օտարների առջև