Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թացիկ շահերը, հանդիսանալ նրանց անսխալ և անկեղծ թարգման, տալ գոհացում հասարակական հասունացող մտքի պահանջներին, նպաստել ժամանակակից առօրյա խնդիրների լուծմանը։ Նույնիսկ այս տեսակ ժուռնալիստներ մենք չունենք։ Եվ այդ պակասությունը, մանավանդ, զգալի է Արծրունու մահից հետո։ Այդ տաղանդավոր ժուռնալիստի կորուստը մեր մամուլի մեջ գոյացրեց մի խոշոր բաց տեղ, որ մինչև այժմ չէ լրացել և ով գիտե դեռ որքան ժամանակ պետք է թափուր մնա։ Մինչդեռ այժմ ավելի, քան երբևէ, մեզանում զուտ ժուռնալիստների կարիք կա։ Այժմ, երբ մեր կենսական կարևոր խնդիրները մեծ մասամբ հասունացել են և պահանջում են նոր տեսակի լուսաբանություն, այժմ, երբ մամուլի դերը ավելի բարդ է և նուրբ, քան դիցուք մի տասը տարի առաջ։ Ահա ինչու մեր մամուլի մեջ տիրող ամայությունն այնքան սաստիկ և տխուր ազդեցություն է գործում մարդու վրա։ Չկա մեկը, որ ընդունակ լինի ուղղություն տալ հասունացած ընթացիկ խնդիրներին, հարուցանել նոր խնդիրներ, մի խոսքով հանդիսանալ մեր կյանքի այժմյան պահանջների քիչ թե շատ խելացի թարգման։

Կյանքը ընթանում է իր ճանապարհով, հասարակական մտքի պահանջները փոխվում են և կերպարանափոխվում, առաջ են գալիս նոր և անսովոր դրություններ։ Մեր մտավոր և բարոյական գործունեության ասպարեզը հետզհետե ընդարձակվում է։ Իսկ մենք դեռ զբաղված ենք հին և մաշված խնդիրներով, որովհետև չկա դեռևս հասարակական մտքի այն ջերմաչափը, որ ցույց տա հասարակությանը նրա ժամանակակից բարոյական պահանջները, ղեկավարի նրան։

Եվ այս աննախանձելի վիճակի մեջ պարբերական մամուլը այսօր ներկայացնում է մի քաոս, ուր ամեն ինչ խառնված են իրարու։ Խոշոր երևույթները, մեր կյանքի բարդ խնդիրները շատ-շատ միայն արձանագրվում են մեր մամուլի մեջ չոր ու ցամաք, առանց լուսաբանվելու, առանց բացատրվելու, և ոչ ոք չկա, որ հասարակության միտքը անմիջապես կամ գոնե կողմնակի կերպով կենտրոնացնի այդ երևույթների վրա և ստիպի նրան ավելի ջերմ վերաբերվել դեպի իր բարոյական խոշոր և անհետաձգելի պարտականու