Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյունները։ Այնինչ՝ առաջ են քաշվում այնպիսի մանր-մունր խնդիրներ, մամուլի մեջ նշանակություն է տրվում այնպի ողորմելի և ոչինչ հասարակական արժեք չունեցող անձնական վեճերի և բանակռիվների, որոնք զարգացած մտքի տեր ընթերցողների մեջ միանգամայն զզվանք և նույնիսկ արհամարհանք են հարուցանում։ Իսկ խեղճ ընթերցողներին մնում է զբաղվել զանազան մասնավոր անհատների այդ փոխադարձ լուտանքներով և հայհոյանքներով։ Հասկանալի է, թե որքան այդ բոլորը ազդում է ընթերցողների վրա և որքան հետզհետե նրանց մեջ սխալ և վիրավորական գաղափար է կազմվում մամուլի նշանակության մասին։ Հասարակության մեծամասնությունը, որ երևույթներին քննադատաբար վերաբերվելու ընդունակությունից զուրկ է, տեսնելով, որ մամուլը ամեն օր և անընդհատ միևնույն չնչին վեճերով է զբաղված, կարծում է, թե հենց այդ է մամուլի իսկական պարտականությունը, թե նա կոչված է շարունակ զբաղվել անվերջ անձնական փոխադարձ հայհոյանքներով և վիրավորանքներով։ Ահա ինչու այդ միևնույն մեծամասնությունը շատ անգամ մինչև անգամ ծափահարում է մամուլի մեջ անընդհատ երևացող ընտանեկան, աննշան վեճերին և բանակռիվներին, խրախուսում է այդ վեճերը և բանակռիվները հարուցանող մասնավոր անհատներին, որոնք տղայական միամտություն ունին կարծելու, թե իրանք աշխարհի առանցքն են կազմում և թե ամեն ոք պարտավոր է զբաղվել իրանցով։

Եվ այդ բոլորի պատճառը այն է, որ չկա մամուլին ուղղություն տվող մի մարմին։ Չկա հրապարակախոսություն, չկան նույնիսկ մազի չափ շնորհքով և ազդեցիկ հրապարակախոսներ։


ՏՈԼՍՏՈՅԻ ՆՈՐ ՎԵՊԻԿԸ


Ռուս գրականությունը այս վերջին տասնուհինգ տարին չի կարող պարծենալ նորագույն զուտ գրականական տաղանդավոր երկերով։ Դոստոևսկիի և Տուրդենևի մահից և Տոլստոյի լռելուց հետո ռուս բելլետրիստիկան ներկայացնում է