Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մի բավական աննախանձելի պատկեր։ Հիսունական թվականներին սկսած զորեղ գրականական շարժումը տևեց գրեթե մինչև յոթանասունական թվականների վևրջը, և այնուհետև ասպարեզը մնաց միջակ ռուս տաղանդներին և հասարակ գրականական ընդունակություններին։ Գարչինը ութսուն թվականների միակ հեղինակն էր, որ ամբողջ գլխով բարձր լինելով բազմաթիվ երիտասարդ հեղինակներից, կարողացավ միառժամանակ փայլել ռուս բելլետրիստիկայի աշխարհում։ Գուցե նա կարող էր ժամանակով մի նոր զարկ տալ իր մայրենի գրականությանը, բայց մահը խլեց նրան ռուս հասարակությունից այն ժամանակ, երբ դեռ նոր էր սկսում հասունանալ նրա տաղանդը։ Նրանից հետո ասպարեզ եկած երիտասարդ հեղինակներից միայն Կորոլենկոն իր մի բանի պատկերներով գրավեց ընդհանուր ուշադրություն։ Բայց նա էլ դեռ մինչև այսօր չի տվել մի խոշոր աշխատություն, որի հիման վրա կարելի լիներ դատել, թե որքան ընդունակ է նրա գրիչը ռուսաց գրականության մի ժամանակվա բարձր վարկը այժմ վերականգնելու։

Գալով մյուս բոլոր այժմյան ռուս բելլետրիստներին, որոնցից ոմանք, ինչպես՝ Բաբարիկին, Պոտապենկոն, Մամին-Սիբիրյակը, խիստ բեղմնավոր գրիչ ունեն և ոչ մեկը սրանցից չկարողացավ մինչև այսօր բարձրանալ ընդհանուր միջակ մակերևույթից և երևալ իբրև խոշոր գրականական աստղ, չնայելով ռուս ժուռնալիստիկայի մի մասի փքուն գովասանքներին։ Ռուս հասարակությունը, որ ընդունակ է ոգեվորվել, երբեմն նույնիսկ չափից դուրս, իր մայրենի տաղանդներով, իր բարի ցանկությամբ հանդերձ՝ այժմ չի կարող մեզ մատնացույց անել մի բելլետրիստիկական տաղանդ, որ կարողանար վաթսունական-յոթանասունական թվականների գրականական հռչակների արժանավոր ժառանգորդ ճանաչվել։

Ահա թե ինչու չպիտի զարմանալ այն ընդհանուր ոգևորության վրա, որով նորերումս թե ռուս ժուռնալիստիկան և թե ռուս հասարակությունը ընդունեց հիշյալ հսկաներից մեկի, Տոլստոյի մի փոքրիկ պատմությունը՝ «Տեր և բանվոր» վերնագրով։ Բայց չպիտի կարծել, թե այդ ընդհանուր ոգևորության միակ պատճառը ռուս բելլետրիստիկայի այժմյան չքավորությունն է։ Թեև այդ պատճառը, մեր կարծիքով, ամենա