Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տենդենցիոզ բանաստեղծը, որ չգիտե գեղարվեստորեն արծարծել իր մտքերը։ Այս մեկ։ Երկրորդ, ի՞նչն է իսկապես բանաստեղծի տենդենցիան։ - Նրան ոգևորող բարձր մտքերը, նրա իդեալը, նրա հավատամքը։ Կարո՞ղ ենք պահանջել, որ բուն բանաստեղծի իդեալը համապատասխանի այս կամ այ կուսակցական ոգուն, մանավանդ եթե այդ կուսակցական ոգին այնքան նեղ է, սահմանափակ, ողորմելի և խղճալի, որքան մեզանում։ Ոչ, ամենևին։ Բանաստեղծը կարող է ամբողջ գլխով բարձը լինել իր շրջանից, բոլոր կուսակցություններից։ Եվ իրոք՝ նա այդպես էլ պետք է լինի, միևնույն է, տենդենցիոզ բանաստեղծ է, թե ոչ։ Նեղ կուսակցական շահերը բնավ չեն կարող ոգևորել բարձր իդեալ ունեցող բանաստեղծին, ոչ միայն այդ - այլև բնականաբար պետք է զզվեցնեն նրան։ Ի՞նչ կասեին այն հայ բանաստեղծին, որ մի կողմը թողած բուն ազգային կամ հասարակական տենդենցիան, սկսեր ոգևորվել հոգաբարձական ընտրություններով, երեցփոխանական հաշիվներով, տիրացուների խնդիրներով, ուսուցիչների տեղափոխություններով և այլ այդպիսի մանր֊մունր հարցերով, որոնք կարող են միայն Շիրվանցիների կյանքի իդեալը կազմել։

Այո, կռվեցեք, պարոններ, ձեր տիրացուների հետ, որքան կարող եք, արձակեցեք թնդանոթներից ծտերի դեմ, բայց հասկացեք այն տարրական բանը, որ բանաստեղծը, նույնիսկ զուտ տենդենցիոզ բանաստեղծը, եթե նա իսկապես իր ազգի, իր ժողովրդի ժամանակակից բարձր ձգտումների և իդեալների թարգմանն է, նա չէ կարող ձեր ողորմելի կերակրով կշտանալ, ձեղ հետ միասին կռվել և ձեզ նման մի լաթի համար պառավի աղաղակներ բարձրացնել։ Նրա իդեալը ավելի վսեմ պետք է լինի, նրա դրոշակը ավելի բարձր, նրա գաղափարները ավելի ընդարձակ։ Իսկ կուսակցական շահերը գոնե այնպես, ինչպես այսօր արտահայտվում են՝ այնքան չնչին են, այնքան ողորմելի, որ շատ֊շատ գուցե միայն փողոցային աշուղների սազի նյութ կարող են լինել, այն էլ մի քանի օրով։

Եթե մեր ասածը գոնե մի փոքր չի կարող համոզիչ թվալ «պաշտոնապես, ազատամիտ» Շիրվանցիներին և նրա նմանների նախիրին, պատրաստ ե․ նրանց մի թեթև դաս կարդալ