Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տենդենցիայի և գեղարվեստի մասին, ցավալով, միևնույն ժամանակ, որ մեր լրագիրներում մշտական աշխատակիցների տեղ բռնող պարոնները դեռ կարոտ են այդ տեսակ դասին։


«ՎԵՐՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ»-Ն ԲԵՄԻ ՎՐԱ


Հայոց թատրոնական բեմի երկու համեստ և աշխատասեր գործիչների՝ սցենարիուս պ. Սարդարյանի և հուշարար պ․ Սատինյանի բենեֆիսը, որ կայացավ հինգշաբթի, նոյեմբերի 30֊ին, թատրոն էր գրավել հանդիսականների ահագին բազմություն։ Թատրոնը բոլորովին լիքն էր։ Այդ երեկո առաջին անգամ ներկայացվեց Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» հայտնի վեպից կազմած պիեսը՝ «Ասլան Բալասի» վերնագրով, որ հարմարցրել է բեմին պ. Սարդարյանը։

«Վերք Հայաստանիս֊ն հայտնի է բոլոր հայերին, որ կարդալ գիտեն, ուրեմն նրա բովանդակության մասին խոսելու կարիք չկա։ Բայց այլ է կարդալ և այլ է կենդանի անձանց տիպարները տեսնել բեմի վրա։ Վեպերից պիեսներ դարձնելու սովորությունս ընդհանուր է։ Ֆրանսիայում ժամանակակից հայտնի վիպասանների գրեթե բոլոր վեպերը հարմարեցնում են բեմին և ներկայացնում։ Բայց նրանցից շատ քչերն են հաջողություն ունենում և պատճառը շատ պարզ է։ Վեպը, եթե նա ունի բարձր գեղարվեստական արժանավորություններ, չէ կարող բեմից այն ազդեցությունն անել, որքան ընթերցանության ժամանակ։ Գեղարվեստական վեպի մեջ կան նրբություններ, որ բեմից արտահայտելը անկարելի է։ Բեմը սիրում է արտաքին էֆեկտներ։ Իսկ գրականական երկի արժանավորությունը նրա նրբության մեջ է կայանում։ Դրեք բեմի վրա մի ամենատաղանդավոր նկարչի նկարը, և նա այնտեղից ոչինչ տպավորություն չի անիլ հանդիսականի վրա, բայց տեսեք ի՞նչ տպավորություն է գործում մի հասարակ ներկարարի նկարած կոշտ ու կոպիտ դեկորասիոնը։