Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ահա ինչու նույնիսկ այնպիսի խոշոր գեղարվեստագետների, ինչպես Զոլայի, Դոգեի, Տոլրգենևի վեպերը կորցնում են իրանց գեղարվեստական արժանավորությունները, երբ ներկայացվում են բեմի վրա։ Նուրբ հեղինակները խույս են տալիս կոպտությունից, իսկ բեմական գրվածքը սիրում է ազդել մարդու ջղերի վրա։

Եվ ազդելու համար միջակ տաղանդի տեր դրամատուրգը շատ անգամ դիմում է կոպտությունների, արհամարհելով հոգեբանական նրբությունները, որոնք վեպի ուղն ու ծուծն են կազմում։ Միայն Շեքսպիրի և Շիլլերի և մասամբ Մոլիերի նման հանճարներն են կարողացել (այն էլ մի քանի բացաոությամբ) բեմի արտաքին էֆեկտները հաշտեցնել գրականական և հոգեբանական նրբությունների հետ։ Մյուս երկքորդական դրամատուրգների պիեսներում, մեծ կամ փոքր չափով գեղարվեստը վնասված է։

Աբովյանի վեպը բեմից, հայտնի բան է, այն տպավորությունը չի անում, որպես կարդալու ժամանակ։ Բայց և այնպես նա հուզում է հանդիսատեսին և ազդում նրա ջղերի վրա։ Պատճառը վեպի ժամանակակից գեղարվեստական նրբությունը չէ, որ պակասում է այդ վեպի մեջ և չի կարող լինել մանավանդ նրանից կազմած պիեսի մեջ։ Պատճառը նրա նյութն է և այդ նյութից կազմված ազդու էֆեկտները։ Աբովյանը գեղարվեստագետ չէր, այլ զգայուն հայրենասեր, և իբրև հայրենասեր նա իր սրտի բոլոր տանջանքները արտահայտել է իր վեպի մեջ, որ մի տեսակ էպոպեա պարսկաց խաների ժամանակ հայերի կրած տառապանքների։ Նա աչքով տեսել է այդ տառապանքները, անձամբ կրել է նրանց, ուստի և չէր կարող նկարադրելու ժամանակ խույս տալ ջղեր լարող և սիրտ կեղեքող կոպտություններից։ Սակայն այն, ինչ որ Րաֆֆհի վեպերի մեջ արվեստական է և ավելի մտքի, քան սրտի արտադրություն, «Վերք Հայաստանի»-ի մեջ իրական է և ավելի ազդու։ Ահա ինչու, այժմ ևս, երբ մոտ 50 տարի է անցել «Վերք Հայաստանի»-ի լույս տեսնելուց, այժմ ևս նա հուզում է մեզ, չնայելով, որ նրա մեջ նկարագրված դեպքերը ռուսահայի համար վաղուց պատմության սահմանն են անցել։ Մինչդեռ Րաֆֆիի վեպերը այժմ, կարծես, դադարում են մեզ հուզելուց։