Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեզանում սկսել են քննել և քննադատել ամեն ինչ, որ պատկանում է գեղեցկին։ Այդ էակների համար չկան ո′չ կանոններք ո′չ էլ օրենքներ։ Նրանք չեն ընդունում ոչ բնական ճաշակի և ոչ մտավոր զարգացման անհրաժեշտությունը։ Նրանց միակ հենարանը, միակ չափն ու ավտորիտետր իրանց անսահման հանդգնությունն է, որով և միմիայն տարբերվում են գռեհիկ, բայց համեստ ամբոխից։ Ահա ինչու նրանք, դիցուք իրանց ամբողջ կյանքում գավառական սիրողների ներկայացումներից բացի ոչինչ չտեսած, հանդիսանում են թատրոնական ռեցենզենտներ, պախարակում են այն, ինչ որ գովելի է և սոխակներ են տեսնում այնտեղ, ուր ագռավներ են կռկռում։ Ահա ինչու նրանք իրանց ամբողջ կյանքում հազիվ մի քանի գիրք կարդացած, հանկարծ ասպարեզ են գալիս գրականական քննադատի դերում և պախարակում ու ցեխոտում ամեն ինչ, որ չի կարող համապատասխանել ներկարարի ճաշակին։ Եվ հայ լրագրերն այդ ողորմելիների քննադատությանը տեղ են տաղիս իրենց էջերում, թույլ տալով նրանց ներկայանալ հասարակությանն իբրև գեղարվեստի դատավորներ։ Ինչպես չասել. խե՛ղճ մամուլ և խե՛ղճ հասարակություն։


ԲԱՇԻՆՋԱՂՅԱՆԻ ՊԱՏԿԵՐԱՀԱՆԴԵՍԸ


Ես նկարիչ չեմ, նկարչության տեխնիկայի մասին հասկացողություն չունեմ։ Բայց թվում է ինձ, որ գեղարվեստի այս կամ այն ճյուղի մասին գաղափար կազմելու համար, չպիտի անպատճառ մասնագետ լինել։ Հակառակ դեպքում, պետք է պահանջեինք, որ բանաստեղծություններ քննադատողները անպատճառ բանաստեղծներ լինեին, երաժշտության մասին գրողները՝ երաժիշտներ, դրամայի մասին գրողները՝ դրամատուրգներ։

Նկարիչը ուրիշի նկարների մասին շատ անգամ, եթե ոչ միշտ, միակողմանի հասկացողություն է կազմում։ Յուրաքանչյուր արտիստ ունե իր անհատական պահանջները, սիրում է և հափշտակվում առանձնապես մի որոշ ուղղությամբ։ Միայն մասնագետի նախապաշարմունքներից զերծ մարդը,