Եթե, իհարկե, նա ունե քիչ թե շատ բնական ճաշակ և զգածումների նրբություն, կարող է գնահատել գեղարվեստը անկողմնապահ, առանց կանխակալ գաղափարների։ Ես համողված եմ, որ եթե Բաշինջաղյանին հավասար մի տաղանդավոր պեյզաժիստ մտնի նրա այժմյան պատկերահանդեսը, պիտի դիտե և զննե ամեն մի նկարի դետալները, տեխնիկայի մանրամասնությունները։ Եվ, խորասուզվելով առանձին գծերի քննադատության մեջ, նա պիտի մոռանա նկարների ընդհանուր տպավորությունը և գուցե պատկերահանդեսից դուրս գա դժգոհ։
Այդ տեսակ դիտողից չի կարելի պահանջել ճիշտ տպավորություն։ Նրա ուղեղը նախապաշարված է և զգացումները դրված մի որոշ սահմանափակ շրջանակի մեջ, որից նրանք անկարող են դուրս գալ։ Այս անգամ Բաշինջաղյանը հրապարակ է հանել 20 նկար, բոլորն էլ նոր և հասարակությանն անծանոթ։
Նկարներից շատերը պատրաստված են շտապով, բայց դրանով նրանք, իհարկե, չեն զրկվում լուրջ ուշադրություն գրավելու իրավունքից։ Բոլորը կախված է արտիստի ոգևորությունից և անհատական առանձնահատկություններից։ Եթե նա ներշնչված է ստեղծագործական ոգով, շատ կարճ միջոցում կարող է մի քանի տաղանդավոր գործեր պատրաստել։ Իսկ եթե աշխատ- ում է լոկ աշխատելու համար, հազար ճգնե, նրա վրձինի տակից զուտ ստեղծագործություն չի դուրս գալ։ Շատ շատ նա կարող է տեխնիկան զարգացնել, բայց նկարի ընդհանուր ոգին կլինի չոր, ցամաք և զուրկ կենդանությունից։
Արտիստի ներշնչման խնդիրը շատ անգամ է վիճաբանության նյութ դարձել։ Լուրջ քննադատներից ոչ մեկը չի հերքել այն ճշմարտությունը, թե զուտ ստեղծագործությունը գեղարվեստի բոլոր ճյուղերում պայմանավորված է արտիստի տրամադրությամբ։ Իսկ ի՞նչ է «տրամադրություն», եթե ոչ ներշնչումն ասված վերացական մտքի պրոզաիկ արտահայտությունը։
Աշխատասիրությունը, եռանդը և առարկայի մանրամասի ուսումնասիրությունը տաղանդի միայն լրացուցիչ պայմաններն են։ Եթե տաղանդը, առանց այս հատկությունների, կա֊ 191