Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/204

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մեր երկրում բոլոր գեղարվեստների մեջ ամենից արհամարհվածն է նկարչությունը։ Թիֆլիսը, որ Կովկասի, այսպես ասած, գլուխն ու սիրտն է, դեռ երաժշտություն սիրում է ու լսում, թեև այս սերը մեծ մասամբ ինքնաբուխ չէ։ Իսկ նկարչության մասին նա տակավին ոչ մի գաղափար չունի։ Թիֆլիսում կան մի քանի ձիրքով նկարիչներ, բայց շատերի՞ տանը կգտնեք, արդյոք, նրանց գործերից։ Եթե մի քանի հարուստներրի տներում կտեսնեք Բաշինջաղյանի «Արարատ»֊ը կամ «Սեվան»-ը, այս է բոլորը, բացի, իհարկե, գեղարվեստի հետ կապ չունեցող օլիոգրաֆիաներից։ Գուցե այս կամ այն պլուտոկրատի տանը հանդիպենք ընտանիքի մի որևէ սիրեցյալ անդամի յուղաներկ պատկերը, բայց կսխալվեք, եթե կարծեք, որ գեղարվեստի պահանջն է բերել պատին քաշ անել այդ խծբծանքը։ Ո′չ, դա տգետ սնափառության մի նոր արդյունք է…

Սրանից 10 - 12 տարի առաջ Թիֆլիսի կեղտոտ փողոցներից մեկում ոմն Միրզայան բաց է արել մի փոքրիկ սալոն։ Փոթրիկ էր այն, բայց ուշադրության արժանի, յուր բովանդակությամբ ո՛չ միայն Թիֆլիսի պես մի ետ ընկած քաղաքի, այլև գուցե մի մայրաքաղաքի համար։ Այնտեղ հանդես էին գրված 30 - 40 մեծադիր նկարներ, մասամբ ինքնագիր, մասամբ տաղանդավոր ձեռքի պատճենների տալական և ֆլամանդական հռչակավոր նկարներից։ Հիշում եմ անգամ մի նկար, որի տակ գրված էր Տինտորետտոյի անունը։ Տինտորետտո և Թիֆլիս, կարծես, հենց միայն այսքանը բավական էր, որպեսզի սալոնը գրավեր հասարակության գոնե կրթված դասի ուշադրությունը։ Բայց ի՞նչ, մտնելով այդ պատկերահանդեսը դուք այնտեղ կտեսնեիք միայն մի մարդ։ Դա ինքը սալոնի տերն էր՝ մի պատկառելի ծեքունի, սպիտակ միրուքով ու մազերով։ Մեն-մենակ նա թափառում էր ոսկեզօծ շրջանակների մեջ դրված հին շկոլայի նկարների առջև և հրճվում։ Այդ մի ամբողջ գեղարվեստական աշխարք էր, որ սակայն ոչ ոքի ուշադրությունը չգրավեց։ Նույնիսկ մամուլը, որքան հիշում եմ, չխոսեց նրա մասին։

Սալոնը փակվեց անտրտունջ։ Մի քանի տարուց հետո մեռավ նրա տերը։ Եվ այժմ, ինչպես լսվում է, այդ նկարները փտում են ինչ-որ նկուղում։